Կրթության նախարարի հրաժարականի շուրջ բարձրացված աղմուկը Ազատություն TV-ն ներկայացրել է միակողմանի

Ազատություն TV-ի սեպտեմբերի 20-ի կիրակնօրյա թողարկմանը Հրայր Թամրազյանն, անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ բարձրացված աղմուկին, հայտնեց իր տեսակետը․ «Անհասկանալի է, թե ինչու են բողոքում «Եկեղեցու պատմությունը» «Հայոց պատմությանը» միացնելու դեմ, իսկ միթե Հայոց եկեղեցու պատմությունը հայոց պատմության մասը չի կազմում, այսպես, թերևս, Եկեղեցու պատմությունն ավելի է կարևորվում, թե ինչու պետք է այն իբրև առանձին առարկա դասավանդվի անհասականալի է, ընդ որում, այս որոշման դեմ ամենուժեղ կուրծք ծեծողների շարքում են նաև նախկին կոռուպցիոներները, պաշտոնյաներ, որոնց համար կրոնը և աստվածասիրությունը լավագույն դեպքում ծիսակատարություն են, որոնց համար անընդունելի են Աստծո պատվիրաններից հատկապես երկուսը, այն է՝ մի գողացիր և մի ցանկացիր քո դրացու որևէ բան։ Տարիներ շարունակ կրթության նախարարությունը կատարել է իշխանությունների պատվերը իր դասագրքային քաղաքականությամբ, ԲՈՒՀ-երի և դպրոցների պատմության դասագրքերում աղավաղվել են նորագույն պատմության դրվագները։ Այն ինչ այսօր դասավանդում է շատ ավելի լավ է։ Որտեղ են ապրում, ուսում առնում նախկին իշխանությունների զավակները թոռները․․․»։ Այնուհետ Հրայր Թամրազյանն, անդրադառնալով Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, չնշեց որ նախարարի հրաժարականի պահանջով պաստառը դահլիճ ներս մտցնելու ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, անվտանգության աշխատակիցը հրել էր ընդդիմադիր խմբակցության պատգամավորին։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում մեկնաբանի կողմից տեսակետ արտահայտելը, լրագրողը պարտավոր է լինել չեզոք ու զերծ մնալ սեփական կարծիքը հայտնելուց։ Ակնհայտ էր, որ մեկնաբանը փորձ էր անում պաշտպանել նախարարին ու մեղմացնել նրա հրաժարականի պահանջով տևական ժամանակ սկիզբ առած բողոքի ալիքը։