Աշխատում եմ մի սկզբունքով՝ չբարդացնել լրագրողների աշխատանքը․ Սոնա Մարտիրոսյան  

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է զրույցների շարքը տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարների կամ պատասխանատուների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանն է։

Ձեր կենսագրությունը վստահություն ներշնչող է՝ ակտիվ լրագրողական, դասախոսական գործունեություն։ 2019 թ.-ի փետրվարից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մամուլի քարտուղար եք։ Ի՞նչ խնդիրներ, թերացումներ եք նկատել դեռ լրագրողական գործունեության ժամանակ՝ մամուլի քարտուղարների հետ շփումներում, որ հիմա ինքներդ թույլ չեք տալիս։

-Նախ շնորհակալ եմ գնահատանքի համար: Ես այսօր էլ ակտիվ լրագրությամբ եմ զբաղվում, բայց գրում եմ, հիմնականում, միջազգային լրատվականների համար՝ լոնգրիդեր, հեղինակային նյութեր: Ես, ընդհանրապես, սիրում եմ աշխատել տեղեկատվություն ստանալու հարցումների միջոցով, քանի որ սիրում եմ հետազոտական լրագրությունը, տվյալների հետ աշխատանքը, դրանց համադրման գործընթացը: Իսկ հարցումը պաշտոնական տեղեկատվություն ստանալու ամենահարմար ձևն է: Հասկանում եմ, որ լրահոսային լրագրությամբ զբաղվող մեր գործընկերների համար սա ընդունելի տարբերակ չէ, քանի որ մարդիկ ունեն օպերատիվության խնդիր, իսկ հարցման դեպքում, ինչպես գիտեք, անմիջապես պատասխաններ ստանալ հնարավոր չէ: Նման դեպքերում աշխատում եմ հնարավորինս օպերատիվ և ամբողջական տեղեկություն տալ մեր գործընկերներին:

Անկեղծ ասած, լրագրողական գործունեության ընթացքում շատ քիչ եմ հանդիպել խոչընդոտների, որ կապված լինեն մամուլի քարտուղարների գործունեության հետ: Ամենամեծ խոչընդոտը, որ երբևէ եղել է, հարցման պատասխանի ուշացումն է: Գուցե, ես հաջողակ եմ մասնագիտության մեջ, բայց չի եղել դեպք, որ փնտրեմ տեղեկություն և չստանամ այն: Չնայած՝ կարծում եմ՝ փնտրել-չստանալը ևս արժեքավոր տեղեկություն է և կարող է շատ բան ասել նյութի համար:

Այսօր՝ որպես մամուլի քարտուղար, աշխատում եմ մի սկզբունքով՝ չբարդացնել լրագրողների աշխատանքը: Եթե կարողանում եմ հենց այդ պահին պատասխանել հարցերին, պատասխանում եմ, եթե ոչ, ապա փորձում եմ հնարավորինս արագ անել դա, որովհետև հասկանում եմ, որ դա ոչ միայն լրագրողների աշխատանքն է, այլև իմ:

Հե՞շտ է բավարարել հայ լրագրողների պահանջները, սպասելիքները։ Որո՞նք են ծագող հիմնական խնդիրները և ի՞նչ լուծումներ եք գտել։ Հաղորդակցության մեջ ի՞նչն եք կարևորում։

-Ես ուզում եմ ասել, որ մեր գործընկերներներից շատերը արհեստավարժ են և հստակ պատկերացնում են, թե ինչ տեսակի տեղեկատվություն ու որ կառույցից պետք է ստանան: Այս դեպքերում, իհարկե, աշխատանքը շատ արդյունավետ է լինում: Լինում են նաև դեպքեր, երբ դիմողը հստակ չի պատկերացնում նախարարության իրավասությունների շրջանակը և, օրինակ, ուզում է վիճակագրական տվյալներ, որոնք մենք չենք հավաքագրում կամ մշակում: Այս դեպքերում փորձում եմ հնարավորինս ուղղորդել մեր գործընկերներին, թե ումից կամ որ կառույցից կարող են ստանալ իրենց հուզող տեղեկությունները: Խնդիրները, որոնք ծագում են, հիմնականում, դիպվածային են, և շատ արագ կարգավորվում են: Ես ինձ համար մի մեխանիզմ եմ մշակել, որն օգնում է արագ կողմնորոշվել՝ լրագրողների կողմից ստացված զանգերին կամ հարցումներին պատասխանելիս: Այս ընթացքում, որ աշխատում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որն, իրականում, ահռելի մեծ ոլորտ է, ինքս ինձ համար առանձնացրել եմ այն տեղեկությունները, որոնք ամենից հաճախ են հետաքրքրում մեր գործընկերներին: Այս դեպքերում հնարավորինս օպերատիվ պատասխաններ տալու համար, ես ինքս պարբերաբար հարցումներ եմ անում նախարարության ոլորտային ստորաբաժանումներին կամ առանձնացված կառույցներին, և ստանում առավել թարմ տվյալներ: Ուստի, որպես կանոն, հարցումների կամ զանգերի դեպքում, արդեն պատրաստի թարմ տվյալներ ունենում եմ՝ լրագրողներին չսպասեցնելու համար:

Հաղորդակցության մեջ ամենաշատը կարևորում եմ գործընկերային հարաբերությունները պահպանելու ունակությունը: Քանի որ աշխատել եմ նաև որպես լրագրող, խմբագիր, լրագրողներից շատերի հետ ունեմ նաև անձնական հարաբերություններ, որոնք, սակայն, գործնականի հետ խառնել չեմ սիրում: Ի ուրախություն ինձ, պետք է նշեմ, որ ընկերներիցս շատերը դա գիտեն և երբեք չեն խառնում այդ հարաբերությունները, բայց, երբեմն, ցավոք, լինում են դեպքեր, երբ աշխատանքային հարաբերություններն ազդում են նաև անձնական հարաբերությունների վրա: Այս դեպքերում, սակայն, շատ չեմ ափսոսում, որովհետև կարծում եմ, որ դա ևս փորձություն է, որին հարաբերությունները կա՛մ դիմանում են, կա՛մ ոչ:

Ձեր աշխատանքային մեկ օրվա մասին կպատմե՞ք, քանի՞ զանգ, հարցազրույցների հրավերներ են լինում, ո՞ր դեպքերում եք մերժում։ Եվ՝ արդյոք հե՞շտ է աշխատել կին ղեկավարի հետ, տարաձայնություններ լինում են։

-Աշխատանքային օրը, իրոք, շատ լարված է: Օրվա ընթացքում առնվազն 10-15 զանգ եմ ստանում լրագրողներից, ամսական կտրվածքով՝ միջինում 50 հարցազրույց ենք ունենում: Լինում են ամիսներ, որ շատ ավելի ծանրաբեռնված ենք լինում. Օրինակ՝ մայիսին 127 հարցազրույց և մեկնաբանություն ենք տվել մեդիային: Մերժման դեպքեր այս պահին չեմ հիշի, անգամ, եթե եղել են:

Աշխատանքային պրոցեսում երբևէ չեմ կենտրոնացել՝ անմիջական ղեկավարս կի՞ն է, թե՞ տղամարդ: Նախարարի հետ աշխատանքը և՛ հեշտ է, և՛ բարդ: Բարդ է այնքանով, որ նախարարը չափազանց խստապահանջ է՝ և՛ ուրիշների, և՛ իր նկատմամբ: Հեշտ է այնքանով, որ իրար ճանաչում ենք արդեն 18 տարի, և շատ լավ ենք պատկերացնում միմյանց սպասելիքներն ու կարողությունները: Քննարկումները գրեթե ամենօրյա պարբերականությամբ են լինում, դրանց ընթացքում, իհարկե, լինում է նաև կարծիքների բախում, սակայն պետք է նշեմ, որ նախարարը այն ղեկավարներից է, որոնք պատրաստ են լսել և ընդունել այլ կարծիք, եթե այն հիմնավորված է: Այս իմաստով, աշխատանքը շատ հեշտ է:

Որքանո՞վ է մամուլի քարտուղարն ազատ իր խոսքում ու քայլերում։

-Ես չէի ցանկանա առանձնացնել մամուլի քարտուղարի պաշտոնը: Այս հարցը ճիշտ է դիտարկել հանրային ծառայողի տեսանկյունից: Իհարկե, հանրային ծառայությունը ունի նաև որոշակի սահմանափակումներ՝ հաշվի առնելով շահերի բախման հնարավորությունը: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ նախարարության ներքին քննարկումներում ես երբևէ կաշկանդված չեմ եղել որևէ հանգամանքով:

Այսօր, որպես մամուլի քարտուղար, իհարկե, կաշկանդված եմ որոշակի հարցերում, հատկապես սոցիալական ցանցերում քննարկումների մասնակցելիս, բայց, կարծում եմ, տարիներ անց գիրք կգրեմ կյանքիս այս շրջանի մասին 😊

Որո՞նք են նախարարության ռազմավարության գերակա ծրագրերը, ի՞նչ խնդիրներ են լուծվել և որո՞նք են հերթում։

-Այս պահին գերակա մի քանի ուղղություն ունենք, որոնց մասին կուզենայի ասել. դրանցից առաջինը ապաինստիտուցիոնալացումն է, այսինքն՝ քաղաքականությունը, որն ուղղված է մարդկանց հաստատություններից դուրս բերելուն: Եվ առաջին անգամ է, երբ խոսելով այս մասին, մենք նկատի ունենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց: Տարիներ առաջ միջազգային կազմակերպություններից մեկը հետազոտություն էր արել հաստատություններում ապրող երեխաների մասին: Այդ ժամանակ որպես լրագրող էի կարդում հետազոտությունը, ու ցնցված էի. Ըստ այդ հետազոտության՝ մանկատներում հայտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների 1/3-ը իր ողջ կյանքի ընթացքում դուրս չի գալիս մանկատան շենքից: Այս պատկերն առավել սարսափելի է, երբ խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող և, հատկապես, հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց մասին. նրանք ուղղակի հաստատություններից դուրս չեն գալիս, երբեք: Սա, գուցե, շատերի համար անհասկանալի էմոցիա թվա, բայց մեզ համար սա չափազանց կարևոր է. մեզ բոլորիս միացնում է երազանքը՝ ապրել մի երկրում, որտեղ չկան մանկատներ: Ի դեպ, սա բոլորովին էլ անհնար չէ, մենք շատ լավ օրինակ ունենք Արցախում, որտեղ երեխաների համար հաստատություններ ուղղակի չկան: Մեր հասարակությունը ամուր սոցիալական կապերով օժտված հասարակություն է, որը պատշաճ աջակցության պայմաններում, կարող է հասնել այս արդյունքին: Սա դժվար, բայց ապագային միտված քաղաքականություն է, որին այլընտրանք չկա:

Մեր մյուս առաջնահերթությունը աղքատության հաղթահարման մեխանիզմների փոփոխությունն է: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աղքատության հաղթահարման գործող մեխանիզմները՝ ինչպես, օրինակ, նպաստի համակարգն է, արդյունավետ չեն: Կան ընտանիքներ, որոնք տասնյակ տարիներ այս համակարգում են: Սա նշանակում է, որ նպաստը չի օգնում քաղաքացուն հաղթահարել սոցիալական դժվարությունները, չի ազդում նրա կյանքի որակի բարելավման վրա: Այսօր մեր առաջնահերթությունը զբաղվածության միջոցով աղքատության հաղթահարման համար նախադրյալների ստեղծումն է:

Առաջնահերթությունները, իհարկե, շատ են, բայց, կարծում եմ, չարժե դրանցով ծանրացնել այս հարցազրույցը:

Խոսքի ազատության ոլորտում երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ի՞նչ է փոխվել։

-Եթե հարցնում եք՝ որպես մամուլի քարտուղարի, ապա ասեմ, որ լրագրողները շատ ավելի պահանջկոտ են դարձել, ինչը, իմ կարծիքով, շատ լավ է: Դա նաև ստիպում է ավելի ուշադիր և թափանցիկ գործել:

Եթե պատասխանեմ որպես լրագրող, ապա կասեմ, որ համոզված եմ՝ յուրաքանչյուրն ինքն է գծում իր ազատության սահմանը: Իմ կարծիքով՝ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում այս իմաստով մի իրավիճակ է, որը ոմանց կարծիքով ազատություն է, մյուսների բնորոշմամբ՝ ամենաթողություն: Որպես լրագրող, ես միշտ կաշկանդված եմ եղել միայն ներքին համոզմունքներով և մասնագիտական էթիկայով: