Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման մասին օրենսդրական առաջարկը սպառնում է մամուլի ազատությանը. Հայաստան

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրեց օրենսդրական առաջարկ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ, որի նպատակն է ավելացնել տույժաչափը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վիրավորանքների և զրպարտիչ մեկնաբանությունների հրապարակման համար: Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) միանում են իրենց գործընկեր կառույցին՝ Հայաստանի լրագրողների միությանը (UJA) ՝ խորհրդարանին կոչ անելով չընդունել այդ առաջարկը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու նախագիծ: Առաջարկի նպատակն է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ (մոտ 9000 եվրո), զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ (մոտ 18․000 եվրո):

Սիմոնյանը վեց հայց է ներկայացրել վիրավորանքի և զրպարտության մեղադրանքով և վստահ է, որ օրինագիծը ետ կպահի մարդկանց վիրավորանքներ և կեղծ լուրեր տարածելուց, հայտնում է News.am հայկական լրատվական կայքը:

Ըստ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Մեդիա պաշտպան» նախաձեռնության, «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները հստակ սահմանված չեն Հայաստանի իրավական օրենսգրքում: Այս ոչ հստակ սահմանումը հնարավորություն է տալիս օգտագործելու վիրավորանքի կամ զրպարտության մեղադրանքը քաղաքական նպատակներով ՝ լռեցնելու համար քննադատող լրագրողներին կամ այլ անձանց:

Հայաստանի ժուռնալիստների միությունից նշում են. «Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին ևս մեկ գործիք է` ուղղված ընդհանուր առմամբ ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը: Հաշվի առնելով այն հիմնական դերը, որը ԶԼՄ-ները խաղում են ժողովրդավարական հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում, մենք դատապարտում ենք ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ Ալեն Սիմոնյանի կողմից այսօր ներկայացված օրինագիծը՝ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու մասին և հորդորում ենք օրինագիծը չընդգրկել Ազգային ժողովի օրակարգ»:

 

Սկզբնաղբյուրը՝ EFJ