Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում

2020 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 191 հոդված, որոնցից 107-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 82-ը՝ չեզոք։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակին, խոսել է նաև Արսեն Թորոսյանի մասին, նշելով․ «Իրականում այսօրվա իշխանությունը մարմնավորվում է Արայիկ Հարությունյանի դեմքով, թեպետ իրեն ընտրել են Փաշինյանի ստվերի տակ: Երեւի ընտրողները չեն էլ իմացել ում են ընտրում. ընտրել են Փաշինյանին, և պատահական մեկը հայտնվել է կարևորագույն առանցքային պաշտոնում: Եթե կառավարությունն այլընտրանք ունենար՝ կփոխեր, որովհետեւ այդ ոմն մեկի գործունեությունը հարվածում է հենց Փաշինյանի հեղինակությանը: Իհարկե, այդ կերպարի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը եղել և լինելու է արդիական, բայց այստեղ ավելի խորքային են խնդիրները: Այդ կերպարին (նկատի ունի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին) և Արսեն Թորոսյանին իբրեւ անհատի չի կարելի մոտենալ, նրանք օրվա իշխանության դիմագիծն են»:

Մամուլն, անդրադառնալով Կառավարության գործունեությանը, գրել է․ «Մի կառավարություն, որ իր կազմում ունի Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, Զարեհ Սինանյան, մի կառավարություն, որ ԱԺ-ում ունի կատարյալ թերուսների եւ անգրագետների միատարր եւ կայուն մեծամասնություն, մի կառավարություն, որ խաղալիք է դարձել օտարերկրյա գործակալների եւ սորոսական թափթփուկների ձեռքին, պետք է անհապաղ հրաժարական տա եւ գլխիկոր հեռանա»:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հայրենիք»-ն առաջինն էր, որ դեռևս ապրիլին քաղաքացիներին դիմակներ էր բաժանում՝ խրախուսելով համավարակի դեմ պայքարի այդ միջոցը դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը կասկածի տակ էին դնում վիրուսի վտանգավորությունը ու դիմակների օգտակարությունը»։

Արսեն Թորոսյանը քննադատությունների է ենթարկվել նաև այն բանի համար, որ համավարակի շրջանում մեկնել է արձակուրդ։ Հասարաքաղաքական գործիչները նշում են, որ համավարակի դեմ պայքարը տապալած նախարարն իրավունք չուներ այս շրջանում արձակուրդ մեկնել։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ