ԱԺ նախագահը ամենաքննադավող քաղաքական գործիչներից մեկն է

2020թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 184 հոդված, որոնցից 37-ը եղել է բացասական, 1-ը դրական, 146-ը՝ չեզոք։

Արարատ Միրզոյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։  ԱԺ նախագահը ամենաքննադավող քաղաքական գործիչներից մեկն է։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով դիմակ կրելու պարտադիր պահանջից ազատված մի շարք պետպաշտոնյաների մասին որոշմանն, ասել է․ «Ես հասկանում եմ, որ ինչ ուզում՝ անում եք։ Ու ասեմ ձեզ, դա միայն ես չէ, որ հասկացել եմ։ Դա արդեն հասկացել են ոչ միայն ձեզ չընտրած, այլ նաեւ ձեզ ընտրած հպարտ մեր հայրենակիցները, որոնց ասել էիք, որ իրենցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ է։ Հիմա էս մարդիկ ուզում են իմանալ, ինչո՞ւ 2 միլիոն 994 հազար վարչապետերն ու նախագահները դիմակ պիտի կրեն, իսկ ընդամենը մի քանի արտոնյալների շնչառական ուղիները պիտի ազատագրվեն դիմակի պրեսսինգից։ Ուզում եմ, որպես ՀՀ պատգամավոր ընդամենը տեղեկացված լինել՝ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանը էդ ո՞ր օրենքով կուզի դիմակ կդնի, չի ուզի՝ չի դնի, իսկ մեզ, շարքային մահկանացու պատգամավորներիս նույն դահլիճում, օդի նույն բաղադրության պայմաններում, պիտի պարտադրեն դիմակ կրել»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ, անդրադառնալով թեմային, ասել է, որ սա քաղաքացիների հերթական բաժանումն է․ «Հիմա էլ հերթը հասավ կորոնավիրուսային սորտավորմանը․ Որոշ դեպքերում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար։ Գիտեք՝ նույնիսկ զզվելի է, որովհետև հեղափոխության թիմն արդեն հասցրել է հասարակությանը սորտավորել բոլոր հնարավոր հատկանիշներով»։

Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով Ալեն Սիմոնյան-Լարիսա Մինասյան առճակատմանը, գրել է․ «Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա… Ինչո՞ւ. Արարատ Միրզոյանը կիսում է Ալեն Սիմոնյանի կարծիքը ու համարում, որ օրենսդիր մարմնի պաշտոնյան կարող է իրեն այդպես պահել: Արարատ Միրզոյանը ամեն կերպ պաշտպանելու է իր կուսակից Ալեն Սիմոնյանին՝ անկախ վերջինիս ճիշտ/սխալ լինելուց: Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ…»: Սրան ի պատասխան՝ լրատվականը գրել է․ «Նախ, օտարերկրյա դրամաշնորհներով աջուձախ «խելք սովորեցնող» սույն պարոնին հուշեք, որ հայերեն չեն ասում՝ «կիսել կարծիքը»: Այն խնձոր կամ նույնիսկ գրանտ չէ, որ կիսեն: Հա, ի դեպ, «կիսել կարծիքը» կապակցությունը ռուսաբանություն է»:

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ