Ազատություն ռադիոկայանը չի ներկայացրել հանրային հնչեղություն ստացած մի շարք թեմաներ

Ազատություն TV-ի սեպտեմբերի 7-ի թողարկումներում անդրադարձ չկար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցույցին, Կառավարության շենքի դիմաց Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիային, Քաղաքապետարանի մոտ «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի իրականացրած բողոքի ակցիային, Կառավարության շենքի դիմաց պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի անժամկետ հացադուլին։ Փաստացի, սրանք էին օրվա ամենաքննարկվող թեմաները։

Ազատություն ռադիոկայանը շրջանցել է հանրային հնչեղություն ստացած մի շարք խնդիրներ՝ փոխարենը թողարկումների կեսը նվիրել միջազգային լրահոսին, մասնավորապես, Բելառուսում տեղի ունեցող ցույցերին ու Ալեքսեյ Նավալնու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Օրվա գլխավոր թեմաներից էր նաև Ամուլսարի աջակիցների ու Լիդիանի պահնորդների միջև տեղի ունեցած միջադեպը, որը, լուսաբանվել է։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման գործելաոճը, իրադարձությունները ներկայացվում են ոչ ամբողջական ու ընտրովի, նման լրատվությունը չի կարող ապահովել քաղաքացու լիարժեք տեղեկացված լինելու իրավունքը։ Երեկվա թողարկումներից տպավորություն էր ստեղծվում, որ Ազատություն ռադիոկայանի աշխատակիցներն արձակուրդում են, քանի որ նման որակի լրատվությունն անընդունելի է։