Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 114 հոդված, որոնցից 16-ը եղել է բացասական, 98-ը՝ չեզոք։Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Մամուլն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձակուրդ մեկնելուն, գրել է․ «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որ նաև ՀՀ պարետն է, կարող է մի 5 օր ուրախանալ վարչապետի փոխարինողի կարգավիճակով: Կարևորը, որ միայն ուրախանա ու նորանոր որոշումներ չընդունի»։Մամուլը գրում է, որ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Սահակյանը, Արսեն Բաբայանը, Լիլիթ Գալստյանը դատի են տվել Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նրանք դատարանում ցանկանում են վիճարկել «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի թիվ 253-Ն որոշման 5-րդ, 5.1-րդ և 5.2-րդ կետերը:
Պարետատան ձևավորման մասին տարբեր կարծիքներ են հնչում մամուլում, որոնց համաձայն՝ պարետի պաշտոնը ձևական բնույթ է կրել․ «Պարետի ինստիտուտի ներդրումը նույնպես պատահական չէր և պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ընթացքում առաջին անգամ բախվեց ճգնաժամային իրավիճակի հետ, երբ անգամ իր համար ակնհայտ էր, որ խոսքերով եւ մանիպուլյացիաներով խնդիրն անհնար է լուծել։ Այդ նպատակով որոշվեց առաջին պլան բերել Տիգրան Ավինյանին: Պարետին չտրվեցին անհրաժեշտ գործիքներ, ինչպես օրինակ՝ չսահմանվեց պարետատան բյուջե, չներկայացվեց պարետատան աշխատակազմը, չհայտարարեցին առանձին բնակավայրերում պարետներ նշանակելու մասին։ Այս ամենը նշանակում է, որ պարետը ֆորմալ գործիք էր, ֆորմալ պաշտոն, իսկ իրականում որոշումներն ընդունում է Նիկոլ Փաշինյանը»։
Քննադատվել է նաև պարետ Տիգրան Ավինյանի այն որոշումն, ըստ որի՝ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների համար մասնակի հանվել է դիմակ կրելու արգելքը։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ