Վերջին երկու տարում ակնհայտորեն լրատվամիջոցների նկատմամբ ծաղրի, ընդգծված արհամարհական վերաբերմունքի առումով փոփոխություններ կան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության զրուցակիցն է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ 

Ֆեյսբուքում լրագրողները սթորիներ են անում Ձեր գրքի շնորհանդեսից, շնորհավորանքներն ինչպես երևում է չեն դադարում: Ինչպե՞ս անցավ շնորհանդեսը, ովքե՞ր ու ի՞նչ սկզբունքով էին հրավիրվել և ամենագլխավորը` «Մեդիա իրավունք» գրքի մասին կներկայացնեք շատ համառոտ, մի քանի շեշտադրում` ինչի՞ մասին է, հիմնական նպատակը ո՞րն է:

— Ձեզ ևս շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Կարծում եմ՝ շնորհանդեսն իսկապես շատ լավ անցավ և շատ լայն կերպ լուսաբանվեց լրագրողների կողմից, նույնիսկ արդեն արձագանքներ կան այն մարդկանց կողմից, որոնք հասցրել են գրքին ծանոթանալ որոշակի չափով և նշում են դրա օգտակարության մասին։ Հրավիրյալները սահմանափակ թվով էին՝ հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը։ Ես իսկապես ավելի շատ մարդկանց և էլի լրագրողների կցանկանայի հրավիրել, բայց չկարողացա, 90 տոկոսն ու ավելին լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին  և այն անձինք որոնք նախկինում են եղել լրագրող, կապ են ունեցել մեդիայի հետ։ Նույնիսկ էսպես կատակով ասում էի, որ ֆեյս քնթրոլն ու դրես կոդը զուգահեռ մեդիա։ Գրքի նպատակը կամ, էսպես ասենք, գրքի հիմնական ուղղվածությունն այն է, որ համապարփակ կներկայացվեն այն հարցադրումները, որոնք ծագում են լրագրողների ամենօրյա աշխատանքում։ Ես մի քանի անգամ շեշտադրում արել եմ, ամենևին չեմ ցանկանա, որ անհամեստ հնչի, բայց սա աննախադեպ է իր տեսակով հայկական իրողության մեջ, որովհետև գրքում  ներկայացված է կոնկրետ հարցին վերաբերող գրեթե ամեն ինչ, և ցանկացողը կկարողանա ավելի խորը ուսումնասիրություն անել։ Մասնավորապես, գրքում  ներկայացված են լրագրողական աղբյուրների պաշտպանությանը վերաբերող հարցադրումներ, պատվի և արժանապատվության պաշտպանությանն ուղղված հարցադրումներ, անձնական կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության հարաբերակցության հարցեր։ Լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում հաճախ են հանդիպում իրավիճակի, երբ ցանկալի տեղեկատվությունը մերժվում է՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության» օրենքին, մինչդեռ իրականում կա հարցում կատարելու համապատասխան ձևը,  և այնուհետև  պետական իրավասու մարմնից  դրա ճիշտ տարբերակը ակնկալելու ձևը, երբ նրանք չեն կարողանա, էսպես ասենք, ապօրինի մերժել և ուղղակի մեխանիկորեն ասել, որ ոչ չենք տրամադրում, կարծես ինչ-որ մեկը դեմ է դրան։ Ներկացված է ամենաարդիական հարցադրումներից մեկը՝ ֆեյքնյուզին վերաբերող բոլոր վերջին զարգացումները, անմեղության կանխավարկածի հետ կապված հարցադրումները, քրեական գործերի քննության լուսաբանման ընթացքում անմեղության կանխավարկածի պահպանման խնդիրները, դոմենների իրավական պաշտպանությանը նվիրված հարցեր։

Գրքի շնորհանդեսին հաջորդեց դասընթացի հայտարարություն: Ինչպե՞ս որոշվեց և ո՞ւմ նախաձեռնությամբ:

-Դասընթացը Երևանի պետական համալսարանի իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետների և Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի համատեղ ծրագիր է, որտեղ ես ներգրավված եղել եմ և որպես փորձագետ և ծրագրի շրջանակում, որն առաջին անգամ մեկնարկում է ԵՊՀ-ում և սերտիֆիկացված դասընթաց է լինելու, ես դասախոսելու եմ նաև որոշ թեմաներ։ Իհարկե, դասընթացն ամբողջությամբ չի ծածկի գրքում բացահատված թեմաները, գրքում թեմաներն ավելի շատ են, բայց այս դասընթացը հնարավորություն կտա ոլորտով հետաքրքրվածներին ձեռք բերել նոր գիտելիքներ և օգտագործել իրենց ամենօրյա աշխատանքի մեջ։

Հայաստանում շատ արագ է փոխվում լրատվությունը կարգավորող օրենսդրությունը: Փոխվում են անգամ հիմնարար սկզբունքները։ Արդյո՞ք այս պայմաններում կարելի է խոսել երկարաժամկետ, տրամաբանված մեդիա իրավունքի մասին:

-Ես այդքան էլ չեմ համաձայնվի, որ Հայաստանում լրատվությունը կարգավորող օրենսդրությունը հաճախ է փոխվում։ Մենք վերջին երկու տարում ենք տեսնում փորձեր ինչ-որ փոփոխություններ կատարելու, ընդ որում, ռադիկալ, ոչ ճիշտ ուղղվածության։ Ամենահաճախ փոփոխվողն իրականում հեռուստատեսությանը և ռադիոյին վերաբերող օրենսդրությունն  է, իսկ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը  կարելի է ասել 2003թ-ից այս կողմ  էական, ֆունդամենտալ, սկզբունքային փոփոխություների չի ենթարկվել։ Սա պատահական չէ, որովհետև բարդ է լրատվական դաշտի օրենսդրության մեջ փոփոխություն կատարել առանց լայն կոնսեսնուսի, իսկ այդ կոնսենսուսը չկա, հակառակը՝ կա կոնֆրոնտացիա։

Վերջին 2 տարում խոսքի ազատության ոլորտում ի՞նչ դրական կամ բացասական փոփոխություններ են եղել: Ձեր գնահատականը:

-Վերջին երկու տարում ակնհայտորեն լրատվամիջոցների նկատմամբ ծաղրի, լրագրողների նկատմամբ ընդգծված վատ և արհամարհական վերաբերմունքի առումով փոփոխություններ կան, քանի որ իշխանափոխությունը,  և դրան զուգորդվող պաշտոնյաների ինքնավստահությունը և միշտ ճիշտ լինելու հիվանդագին մոլուցքը հանգեցնում են նրան, որ նրանք քննադատության նկատմամբ հադուրժող չեն և, այս տեսանկյունից,  իշխանության մոտ ավելի ու ավելի  ամրապնդվում է  մամուլին ճնշելու և սահմանափակումներ մտցնելու անհագուրդ ցանկությունը, բայց մեդիան էլ, բնականաբար, ընդդիմանում է  դրան։