Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020 թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 261 հոդված, որոնցից 88-ը եղել է բացասական, 173-ը՝ չեզոք։

Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Մամուլը գրում է, որ 2018թ. աղմկահարույց իրադարձությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլ հայտնվել է մեղադրյալի աթոռին:

Ըստ հրապարակումների` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Պատճառն այն էր, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

Լրատվանիջոցները գրում են նաև. «Արսեն Թորոսյանի կնոջ պետպատվերն ավելացել է 5 անգամ ամուսնուն նախարար նշանակելուց հետո, ձեր իսկ խորհրդական Արշակ Կարապետյանի կնոջ ղեկավարած կազմակերպությունը, նույնպես հեղափոխությունից հետո, հեղափոխական արագությամբ շահում է պետական տենդերները: Դա դեռ նույն բյուջեի փողերն են, ու դա դեռևս կոչվում է կոռուպցիա»։

Լրատվամիջոցները շարունակում են հրապարակել իշխանության ներկայացուցիչների թանկարժեք շարժական եւ անշարժ գույքի ձեռքբերումները. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը վերջերս 30.000 ԱՄՆ դոլար արժողության «Մերսեդես» է գնել և աշխատանքի է գնում թանկարժեք մեքենայով։ Նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սմբատյանը այդ առիթով անգամ սեղան է գցել, խնջույքին մասնակցել է նաև նախարարը»: Ըստ մամուլի `ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Սմբատյանը չի ունեցել շարժական և անշարժ գույք։ Նրա դրամական միջոցները կազմել են 4,000 դոլար, 6 մլն դրամ, 1,800 եվրո և 50,000 ռուբլի։ Թե ինչպես է նման համեստ կարողություն հայտարագրած պաշտոնյան, պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց 30.000 դոլարանոց մեքենա գնել, անհասկանալի է։

Ըստ մամուլի տարբեր հրապարակումների` Արսեն Թորոսյանը շարունակում է քննադատվել կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումների համար։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ