Հաջողում են նրանք, ովքեր կարողանում են «ճիշտ» հաղորդակցվել

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է զրույցների շարքը տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարների կամ պատասխանատուների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանն է:

Քանի տարի է աշխատում եք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում որպես մամուլի քարտուղար։ Ինչ մասնագետ եք, կպատմեք մի փոքր Ձեր մասին։ Առհասարակ, այստեղ աշխատելու համար կարևոր է ծրագրավորման գիտելիքներ ունենալ, թե ոչ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում աշխատում եմ մարտ ամսից՝ գրեթե 6 ամիս: Միացել եմ թիմին ամենապատասխանատու պահերից մեկի՝ Կորոնավիրուսի տարածման մեկնարկի ժամանակ:
Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, հետագա տարիներին խորացրել եմ ֆինանսական ոլորտի գիտելիքներս, ունեմ որակավորումներ: Բայց, ամենաընդհանրական մասնագիտությունը, որը համարում եմ իմ էության իրական արտահայտումը՝ հաղորդակցությունը, մարկետինգն ու հասարակայնության կապերն են․ այս ուղղությամբ աշխատում եմ 15 տարի:
Ըստ իս՝ հաղորդակցությունն ամենուր է, և նրանք են հաջողում իրենց ոլորտում, ովքեր կարողանում են «ճիշտ» հաղորդակցվել, հստակ ու հակիրճ ձևակերպել ասելիքներն ու նպատակները:
Իր կարևորությամբ հանդերձ՝ հաղորդակցությունը ոլորտ չի ճանաչում, քանի որ գործ ունի մարդկանց հետ, հետևաբար, ինձ համար երբևէ ոլորտային փոփոխությունը խոչընդոտ չի հանդիսացել: Շատ եմ զբաղվել և զբաղվում խորհրդատվական գործունեությամբ, ինչը կոտրում է կարծրատիպերը, որ, օրինակ, հարկավոր է ծրագրավորման գիտելիքներ ունենալ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը համակարգող նախարարի և նախարարության մամուլի և արտաքին հաղորդակցությունն ապահովելու համար: Համոզված եղեք, չկա նման խոչընդոտ, հավելեմ՝ թե՛ ծրագրավորման, թե՛ հեռահաղորդակցության ոլորտներին ծանոթ եմ բավականին լավ:

Կպատմեք աշխատանքային գործընթացից, ինչպես եք համակարգում աշխատանքները լրագրողների հետ, օրվա ընթացքում քանի զանգ, հարցում կամ հարցազրույցի հրավերներ են լինում։

Օրվա ընթացում լրագրողներից հարցումները բազմաթիվ են, թիմով աշխատում ենք առավելագույնս օպերատիվ ապահովելու համար տեղեկատվական հոսքերը: Հարցազրույցների հարցումներն էլ բավական շատ են, բայց արձագանքը խիստ կախված է բազմաթիվ գործոններից, որոնց մասին միշտ չէ, որ անգամ հնարավոր է բարձրաձայնել:
Հնարավորության սահմաններում փորձում ենք բոլոր հարցումներին պատասխանել:
Մեր մասնագիտությունը նման է դիպուկահարների գործունեությանը՝ մենք նույնպես սխալվելու իրավունք չունենք, ուղղակի ի տարբերություն իրենց՝ մեր զենքը խոսքն է և այն ձևակերպումները, որոնք տրամադրում կամ տարածում ենք:

Երկրում տեղի ունեցած փոփոխությունները որևէ փոփոխություն մտցրել են նախարարության աշխատանքի մեջ։ Ընդհանրապես խոսքի ազատության ոլորտում ինչ դրական կամ բացասական փոփոխություններ եք նկատում։

Երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձրել են կառույցներն առավել բաց հանրության համար, և դա, իսկապես, ավելի է նպաստում նախարարության գործունեության ճիշտ ընկալմանն ու համապարփակ լուսաբանմանը:

Հունվարին դուք հաջողված դասընթաց էիք նախաձեռնել՝ 7-շաբաթյա դասընթաց Սան Ֆրանցիսկոյում։ Կպատմեք մի փոքր այդ դասընթացի արդյուքններից, նպատակը որն էր։ Ինչ նոր դասընթացներ եք նախաձեռնել այս ընթացքում։

ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից բավական լուրջ կրթական ծրագրեր են իրականացվում, այդ թվում նաև՝ Վիրտուալ կամուրջ ծրագրի շրջանակներում Սիլիկոնյան հովտում ձեռներեցության ուսուցման ու նրբությունների ուսումնասիրությունն է Դրեյփերի համալսարանում:
2020 թվականը ստիպեց բոլորիս տրանսֆորմացվել նոր իրողություններին, հարմարվել ու շարժվել առաջ: Այդպես եղավ նաև նախարարության մի շարք ծրագրերի հետ, որոնք վերափոխվեցին՝ համապատասխանեցվելով հանրության նոր ձևավորված պահանջմունքներին ու կարիքներին:
Ծրագրավորման հիմունքներ դասընթացը, որը նախատեսված էր տուժած ոլորտներից բարձր տեխնոլոգիական ոլորտ մարդկանց շարժին, անց է կացվում առցանց և մինչև տարեվերջ ընդգրկելու է առնվազն 2000 մասնակից: Այլ ծրագրեր, որոնք առավել խորացված դասընթացներ էին, իրականացվում են 17 ուղղություններով:

Կորոնավիրուսն ինչպես է անդրադարձել նախարարության գործունեության վրա, դասընթացները որքանով են տուժել, ինչ նոր մարտավարություն եք որդեգրել Քովիդին զուգահեռ աշխատելու համար։

Կորոնավիրուսին զուգահեռ աշխատել է ողջ նախարարությունը, մասամբ՝ հեռավար, բայց ղեկավար թիմը՝ պահպանելով անվտանգության կանոնները, աշխատել է ողջ կազմով նախարարությունում:
Սա մարտահրավեր էր բոլորիս համար, բայց, կարծում եմ, մենք բոլորս պատվով ենք դուրս գալու այս իրավիճակից, քանի որ աշխատել ենք միասնական՝ թե աշխատակազմի, թե ոլորտի, թե գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Ասում են՝ Հայաստանում շատ աշխատատեղեր կան ծրագրավորողների համար։ Ինչ կասեք այս առնչությամբ, ընդհանրապես, ովքեր, որ տարիքային խումբն է հետաքրքրված ծրագրավորմամբ։

2020 թվականի նոր իրականությունը թվային աշխարհի էվոլյուցիան արագացրեց մի քանի անգամ, ինչն իր հերթին նպաստեց ոլորտի առավել ակտիվ զարգացմանը: Ծրագրավորումը մտածողություն է, և նա՝ ով կկարողանա իր մոտ զարգացնել այդ հմտություններն ու հատկությունները, կկարողանա հաջողել: Պետությունն այդ հնարավորությունն ընձեռում է բոլոր ցանկացողներին:
Այսօր թվայնացման աճող տեմպի հետ մեկտեղ առավել աճում է պահանջարկը տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ, քանի որ տրանսֆորմացիան, թվային գործիքների կիրառությունը, անկանխիկ դրամի և ապրանքաշրջանառությունը հանգեցնում են նրան, որ առցանց հարթակները դառնում են հանրության համար առաջին անհրաժեշտության աղբյուրներ:
Առաջիկա զարգացումները թույլ կտան համոզվել, որ շատ ավելին է լինելու պահանջարկը տեխնոլոգիական մասնագիտությունների ուղղությամբ, քանի որ մեծանալու է այդ մասնագետներից ու նրանց մատուցած ծառայություններից կախումը թե՛ տնտեսության, թե՛ հանրության շրջանում: