Պետք է հիշել նախորդ քաղաքապետերի մեդիա ակտիվությունը և համեմատել Հայկ Մարությանի հետ

Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է զրույցների շարքը տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարների կամ պատասխանատուների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն է։

1․ Դուք 2016թ-ից համագործակցել եք Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ որպես լրագրող, խմբագիր և սցենարիստ՝ աշխատելով տարբեր նախագծերում: Որպես մամուլի քարտուղար սա ձեր առաջին փորձն է։ Ի՞նչ խնդիրներ եք նկատել դեռ լրագրող աշխատած տարիներին մամուլի քարտուղարների հետ շփումներում, որ հիմա ինքներդ չեք կրկնում։

-Մի շարք լրատվամիջոցների հետ եմ համագործակցել եւ աշխատանքի ընթացքում շփման առիթ շատ է եղել, հիմնական խնդիրը և ցանկությունը, որն ունեն բոլոր լրագրողները կապված պետական կամ համայնքային գերատեսչությունների հետ աշխատանքներում՝ հասանելիությունը, թափանցիկությունն ու ճկունութունն են։ Մամուլի քարտուղարի խնդիրը լրագրողի գործը հեշտացնելն է, ոչ թե բարդացնելը, եթե պետք է տեղեկատվություն, ապա պետք է հնարավորինս արագ և հանգամանալից փոխանցել դա լրագրողին։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանում իմ աշխատանքին, ի սկզբանե խնդիր էինք դրել մեր առաջ, որ պետք է կոտրել այն կարծրատիպը, որ քաղաքապետարանը փակ կառույց է և դժկամությամբ է տեղեկատվություն տրամադրում լրատվամիջոցներին։

2․ Ինչպե՞ս եք համակարգում աշխատանքները լրագրողների հետ։ Կպատմե՞ք աշխատանքային օրից, քանի դիմում, զանգ ու հարցազրույցի առաջարկ եք ստանում օրվա ընթացքում, որ դեպքում եք մերժում և ինչու։

-Կախված է օրակարգից։ Երբեմն օրակարգի նախաձեռնողը լինում է քաղաքապետարանը՝ որևէ նախագիծ է ներկայացնում և դրանից բխող հարցեր են առաջանում, լինում են ընդդիմադիր գործընկերների կամ ավագանու ընդդիմադիր ֆրակցիաների կողմից ներկայացված առաջարկներ, մամուլում ի հայտ եկած որոշակի հրապարակումներ, դրանից կախված աշխատանքի ծավալը և բնույթը կարող են տարբեր լինել։ Եղել է օր, որ մոտ 120 զանգ եմ ստացել միայն հեռախոսով, չհաշված հաղորդակցման այլ միջոցները, օնլայն հարթակներով ստացած հարցումները։ Օրեր կան՝ շատ ավելի հանգիստ է։ Կարճ մեկնաբանություններ՝ օրվա ընթացքում էդպես մոտ տասը շփում լինում է լրագրողների հետ, չհաշված ամսվա մեջ մի քանի անգամ հյուրընկալում եմ հեռուստատեսային ֆորմատներով որևէ քննարկման, հարցազրույցի։ Այս ամենին գումարած՝ նաեւ ամեն շաբաթ պատրաստում  եւ եթեր ենք հեռարձակում «Երեւան» հաղորդաշարը, որը քաղաքային կյանքին վերաբերող լրատվական հաղորդում է:

Ինչ վերաբերում է հարցազրույցները մերժելուն, դրա պատճառը կարող է լինել լրատվամիջոցի վարկը, «ռեպուտացիան»՝ իմ գնահատմամբ։ Ցավոք, լինում են էդպիսի դեպքեր, երբ լրատվամիջոցը ակնհայտ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը, ներկայացնում ոչ ստույգ տեղեկատվություն, բամբասանք կամ զրպարտություն և անգամ  բանավոր խնդրանքի դեպքում հարկ չի համարում շտկել սխալը։ Նման դեպքերը բարեբախտաբար քիչ են, մի ձեռքի մատերի վրա կարելի է  հաշվել նման լրատվամիջոցներին: Եվ նման դեպքերում ուղղակի անիմաստ եմ համարում իմ մասնակցությունը ապատեղեկատվության տարածանն ու հրաժարվում եմ համագործակցությունից: Իսկ ընդհանրապես, հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքը դրական եմ գնահատում, իհարկե, շատերս բողոքում ենք տեղեկատվության որակից, գրագիտությունից, բամբասանքների առատությունից, բայց այս ամենը վկայում է առաջին հերթին այն, որ մենք ունենք ազատ մամուլ և ցանակցած, անգամ դեղին բովանդակությամբ լրատամիջոց գոյության իրավուքն ունի։ Հարցն այստեղ գուցե ավելի շատ հանրության մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է, որպեսզի հանրային ընկալման մեջ հնարավոր լինի տարբերակել «դեղնավուն» կոնտենտը ավելի լուրջ լրատվությունից:

3․ Քաղաքապետարանը հաճախ է հայտնվում քննադատությունների թիրախում կապված քաղաքապետի անձի հետ։ Հայկ Մարությանին քննդատում են հատկապես նախընտրական խոստումներն ուշացնելու մեջ, բացի այդ, որ կարևոր պահերին Հայկ Մարությանը պասիվություն է ցուցաբերում։ Երկրում տեղի ունեցած փոփոխութունները հաղորդակցման նոր մշակույթ բերեցին, մինչդեռ քաղաքապետը քիչ է խոսում, ո՞րն է խնդիրը։

-Քաղաքապետը պաշտոնն ստանձնելուց ի վեր՝ 2018-ի հոկտեմբերից,  առնվազն ավագանու նիստերի ընդմիջումներին ծավալուն բրիֆինգներով պատասխանում է լրագրողների հարցերին, բրիֆինգները տևում են այնքան, քանի դեռ հարցերը չեն սպառվում, բացի դրանից, քաղաքապետը որպես նյուզմեյքեր հանդես է գալիս ավագանու նիստերի ընթացում։ Նիստեր ենք ունենում, որ 10-12 ժամ են տևում, դրանք ուղիղ եթերով հեռարձակվում են, եւ քաղաքապետը դրանց ընթացքում հանգամանալից պարզաբանումներ է տալիս համայքի կառավարմանը վերաբերող շատ ու շատ հարցերի: Ավելի հազվադեպ, կարևոր պարզաբանումներ տալու համար քաղաքապետը հյուրընկալվում է հեուստաընեկերություններին կամ ելույթ է ունենում սոցցանցային հարթակում: Երկու շաբաթ առաջ , օրինակ, երբ Մաշտոցի պուրակի շուրջ հանրային քննարկում ծավալվեց, քաղաքապետը մամուլի ասուլիս հրավիրեց և շուրջ 2 ժամ պատասխանեց լրագրողների հարցերին և օնլայն հարթակով տրվող հարցերին։ Սա՝ ինչ վերաբերում է քաղաքապետի «քիչ խոսելու» հետ կապված տեսակետին, ինչը, իմ համոզմամբ, թյուր պատկերացում է, եթե ոչ՝ մոլորություն: Առաջարկում եմ ուղղակի վերհիշել նախորդ քաղաքապետերի հանրային, մեդիա ակտիվությունը և համեմատել Հայկ Մարությանի ակտիվության հետ, և տալ գնահատական։

4․«Մահաբեր վերելակների» հարցը լուծվում է, օգոստոսի 11-ից Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը։ Ամփոփելով՝ նախընտրական խոստումներից որոնք են իրականացվել, որն է հաջորդը։

— Նախ՝ ֆիքսենք, որ այն ժամանակներից ի վեր, երբ ընդհանրապես ձեւավորվել է վերելակային տնտեսությունը, Երևանում երբևէ վերելակների փոխարինման նման ծավալի աշխատանքներ չեն եղել։ Տասնամյակներ շարունակ քաղաքային իշխանությունն ասել է, որ դա իր խնդիրը չէ, բնակիչների խնդիրն է, եւ որ բավականաչափ միջոցներ չկան՝ այն լուծելու համար։ Մենք ասում են, որ ունենք բավարար միջոցներ բնակիչների ֆիզիկական անվտանգությունն ու նաև հարմարավետությունն ապահովելու համար։ Առանցքային խոստումներից մեկը աղբահանության խնդիրն էր, որը լուծվել է մեկ անգամ և ընդմիշտ։ Էդպիսի կոմունալ տնետեսության պարկ մայրաքաղաքը չի ունեցել՝ աղբահանության և սանիտարական մաքրման նոր ժամանակակից տեխնիկա։ Մյուս կարևոր խնդիրներից մեկը՝ աղբի տեսկավորումն է, որն ընթացքի մեջ է: Թափոնների կառավարման նոր մշակույթ կստեղծվի, կսկսենք տեսակավորել աղբը ոչ թե աղբավայրում, այլ տեսակավորումը կսկսվի հենց շենքերի բակերից կամ տնետեսվարողների կողմից։  Հաջորդ, ամենառանցքային ծրագիրը (էստեղ չեմ վախենա գերադրական մակդիրներից՝ ամենահրատապ, ամենակենսական խնդիրը) տրասպորտային ռեֆորմն է, եւ արդեն 200 ավտոբուսի ձեռքբերման համար մրցույթ է հայտարարվել։ Հարյուրը պետք է համայնքային միջոցներից իրականացվի, հարյուրը միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում։

5․Ընդունված է կարծել, որ մամուլի քարտուղարները գերատեսչության ղեկավարի խոսքը փոխանցողն են կամ, ընդամենը, տեքստ կարդացող։ Որքանո՞վ եք դուք ազատ ձեր խոսքում, հայտարարություններում։

Համաձայնվելով ստանձնել այս աշխատանքը՝ ես գիտակցել եմ, որ ազատ լրագրողի արտահայտման ազատությունը չեմ ունենալու, հանրային խոսքի ձևի ու բովանդակության հարցում փոփոխություններ են լինելու, բայց այն թիմն ու ծրագիրը, որոնց հետ պետք է աշխատեի, միանգամայն համահունչ էին իմ ընկալումների հետ, և այդ առումով ինձ համար աշխատելը շատ թեթև է։ Իհարկե, այլևս ֆեյսբուքում, սոցիալական ցանցերում արտահայտվելու առումով զգուշավոր ես, ստիպված ես լինում հիշել, որ դու ազատ լրագրող չես, որ ներկայացնում ես համայնքային կառույց, եւ քո խոսքը անխուսափելիորեն ասոցացվելու է այդ կառույցի հետ։

6․Հաճախ եք քաղաքապետի հետ կատակում «Կարգին հաղորդման» կենցաղ մտած արտահայտություններով, օրինակ՝ լուսամուտը դրիմ․․․

-Հայկ Մարությանի հետ անձամբ ծանոթացել եմ աշխատանքի բերումով, հասկանալի է, որ դրանից առաջ շատ լավ ճանաչել եմ, ինչպես երևի երկրում բոլորը։ Հայկ Մարությանն իր գործընկերների հետ շփումներում բավական ազատ ու անկաշկանդ է, և կարգապահությունն ու աստիճանակարգը դրանից չի տուժում։ «Կարգին հաղոդումն», իմ ընկալմամբ, մեր երկրում, հեռուստատեսային մշակույթում այնքան մեծ տեղ է զբաղեցրել, չհաշված, որ դրանք հայտնի անեկդոտների ինտերպրետացիաներ էին, որ դրանցում տեղ գտած շատ դրվագներ միշտ ակտուալ են և կարելի է  ցանկացած իրավիճակում դրանցից մեկը հիշել։  Ինչ խոսք, հումորով համեմված աշխատանքային օրեր լինում են։

Latest from historical news am

Go to Top