Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ

2020 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 382 հոդված, որոնցից 13-ը եղել է բացասական, 20-ը՝ դրական, 349-ը՝ չեզոք։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն իր խոսքում նշել է, որ Ավետարանական աղանդների գլխամասերը գտնվում են Իսրայելում, իսկ 1992-ից դրանց ներմուծման հիմնական պատասխանատուն հենց Արմեն Սարգսյանն է։

Հուլիսի 10֊ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին չի մասնակցել Արմեն Սարգսյանը, մամուլն այդ մասին գրել է. «Անհասկանալի մնաց, թե ինչու Փաշինյանը հուլիսի 10-ի նիստին չէր հրավիրել նաեւ թղթեր ստորագրելու մեծ սիրահար Արմեն Սարգսյանին (բայց հրավիրել էր ամեն կերպ ԱԽ խցկվել ցանկացող Արարատ Միրզոյանին), եւ ինչու վերջինս նույնպես չէր գրել որեւէ երկտող այս փաստաթղթում։ Եվս մեկ անիմաստ տեքստից այս ռեֆերատը հաստատ չէր տուժի»։

Ըստ Ֆեյսբուքյան օգտատեր Զորհրապ Եգանյանի՝ Մեծ Բրիտանիայի երկպալատանի պառլամենտում հակահայկական բանաձևեր են շրջանառության մեջ դրվել: Նա, մասնավորապես, գրել է. «Լեգենդներ են շրջանառվում, որ նախագահ Արմեն Սարգսյանը սերտ հարաբերություններ ունի ընդհուպ թագավորական ընտանիքի և անձամբ թագուհու հետ: Արմեն Սարգսյանն ունի և կապեր և շատ փող, որը կարող է օգտագործել հայկական կողմի շահերի համար: Եթե կուզեք առաջին ուղղությունը ես հուշեմ` բրիտանական մամուլ, Լորդերի պալատ»:

Մամուլն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հուլիսի 12֊ին սկսված էսկալացիային, գրել է. «Հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց, նախագահը լուռ էր։ Հուլիսի 13-ին, երբ թեժ էր ամեն ինչ, Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարի հետ, «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ, իտալացի բուժաշխատողների հետ։ Հաջորդ օրը, երբ ամեն ինչ նույն կերպ թեժ էր, արդեն ունեինք 4 զոհ, սիրելի նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ հյուրընկալել է այդ երկրի դեսպանին, ուղերձ է հղել Մակրոնին, հետո հանդիպել սնունդ վերամշակողներին։ Ո՛չ մի հանդիպում, հեռախոսազրույց, ժողով՝ այս օրերի կարևորի հետ կապված»։

Որպես դրական լուր՝ դիտարկվել է այն հրապարակումը, որում ասված է․ «Տավուշը մշտապես «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում է։ Նախորդ ամիսներին հիմնադրամն արդեն աջակցություն էր ցուցաբերել մարզի սահմանամերձ համայնքներում ապրող ավելի քան 700 ընտանիքի»։ Այն լուրը՝ ըստ որի Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը, ևս դրական է գնահատվել։

 

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ