Պետրոս Ղազարյանն ու Անդրանիկ Քոչարյանը ծաղրեցին նախկիններին

Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 24-ին Պետրոս Ղազարյանի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր։ Թեման՝ հետևություններ Տավուշյան դեպքերից։ Զրույցը, սակայն, մեծամասամբ ծավալվեց նախկին իշխանության ներկայացուցիչների շուրջ։ Մեկնաբանն ու հյուրը ծաղրեցին ոմանց, սկզբում անանուն, հետո նշվեցին անուններ։ Պետրոս Ղազարյանն առաջին իսկ հարցում իր դիրքորոշումը ներկայացրեց՝ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին որակում տալով․ «Առաջ՝ երբեմն, հիմա՝ հաճախ, դրանք իջնում են գոտկատեղից ներքև»։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Քննադատողների մեջ կարող եք տեսնել նախկին վարչապետ, որը միշտ աչքի է ընկել իր անզգույշ արտահայտություններով՝ սկսած էգ կովերի մասին պատմություններից, իսկ այս անգամ արդեն նույնիսկ անզգույշ արտահայտություն արեց, որ հակառակորդի ղեկավարի փոխարեն եթե լիներ Հայաստանը կվերցներ, և էսօր ինքը դարձավ թիրախ հասարակության համար, որովհետև այդ արտահայտությունը իրականություն չդարձավ, բայց հակառակորդի հարձակում տեղի ունեցավ։  Կառավարման մեր ինստիտուտում դասավանդում է մեկ այլ վարչապետ, որը մի քանի օր առաջ նույնպես նկարագրում էր Հայաստանում ստեղծված իրավիճակը, և ես չեմ հասկանում իր դասընթացներում ինքը իր դասախոսություները կարդում է, թե ինչպես կարելի է քանդել պետությունը, որովհետև դրա հիմքում ընկած է, որ երկրում ամեն ինչ վատ է։ Խոսքը Խոսրով Հարությունյանի մասին է։ Ինքը տարիներ առաջ, երբ վարչապետ էր, մի առիթով, երբ կառավարության ծրագիրն էր ներկայացնում, ընդդիմացավ իր ներկայացրած կառավարության ծրագրին, և Լևոն Տեր-Պետրոսյանը շատ արդարացի անմիջապես ստորագրեց հրամանագիր նրան պաշտոնից ազատելու համար»։  Նախկին վարչապետերից հետո խոսեցին նախկին պաշտպանության նախարարներից։ Պետրոս Ղազարյանը հեգնեց․ «Սեյրան Օհանյանն իրեն շատ արժանապատիվ է պահում», Անդրանիկ Քոչարյանն էլ հեգնեց Վիգեն Սարգսյանին․ «Նա միշտ սեր ունի սովորելու և ազգ-բանակ կոնցեպցիան հայտարարելուց հետո երկրից գնաց և այլևս չվերդարաձավ»։ Իշխանական պատգամավորն այնուհետ հիշեց Արտակ Զաքարյանին․ «Նա վերջերս Սաթիկ Սեյրանյանի մոտ էր, խոսում էր բանակի մասին և 2016 թվականի հետ համեմատությունների ժամանակ շատ անզգույշ մի արտահայտություն արեց, որ խոցել են «իքս» քանակի անօդաչու թռչող սարքեր, դա իրականությանը չի համապատասխանում»։ Վերջինն անդրադարձավ նաև նախկին դեսպան Միքայել Մինասյանին․ «Մեր ձեռքբերված համակարգերի մասին, մեր հայտնի փեսան ջունգլիներից, անտառի փեշերից, ծղրիդներից վարկաբեկեց ձեռք բերված համակարգերը։ Չտեսնել ձեռքբերումները բայղուշություն է»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամոթալի է համարում Հանրային հեռուստաընկերության եթերում նման ոչ կառուցողական զրույցը, որն ավելի շատ բամբասանքի էր նման։ Քննադատությունը պետք է լինի փաստարկված։ Նման զրույցը չի կարող նպաստել որևէ խնդրի լուծման, քանի դեռ հիմքում ատելության խոսքն է։