Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ։

2020 թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, azatutyun.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 295 հոդված։ Որոնցից 35-ը՝ բացասական, 17-ը՝ դրական, 243-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ։ Գրակշռում են բացասականները։

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանն, անդրադառնալով արտակարգ դրության երկարաձգմանը, գրել է․ «Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկարաձգելու իր մտադրության մասին, ես այս էջի վրա քվեարկություն բացեցի, առաջարկելով բոլոր օգտատերերին դիրքորոշում հայտնել այդ կապակցությամբ։ Այն ժամանակ, քվեարկության մասնակցեց 1800-ից ավել օգտատեր, 69%-ը դեմ արտահայտվեցին արտակարգ դրության երկարաձգմանը, 31%-ը՝ կողմ։ Հիմա էլ, փորձելով արդեն 5-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, կառավարությունը ենթադրաբար փորձելու է առաջ մղել հերթական վիճահարույց նախաձեռնությունները, դրանց պակասը չկա։ Ավելին, չունենալով արդյունավետ ընդդիմություն Ազգային ժողովում, կառավարությունը կարող է շարունակաբար բոլորիս պահել արտակարգ դրության պայմաններում, համավարակն էլ օգտագործել որպես դրա ֆորմալ հիմնավորում»:

Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, անդրադառնալով Տրդատ Սարգսյանի ՔՊ աշխատակազմի ղեկավար նշանակվելուն, ասել է․ «Նշանակումը խոսում այն մասին, որ կուսակցություն չէ, խունտա է, իրենց շահերն են առաջ տանում, մենք շարունակում ենք պնդել՝ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել դեպքին, եղբայրս կոմայի մեջ է, իսկ Տրդատին մաքրում են: Ես անձամբ այնտեղ չեմ եղել, բայց երկու փոխգնդապետ, մեկ լեյտենանտ, մեկ վկա կին շարունակում են պնդել, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ է եղել: Նրանք ցուցմունք չեն փոխել։ ՔՊ խունտան ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, փաստորեն նրա հովանո ներքո է նախկին մարզպետը: Հիմա սպասում ենք արդեն դատաքննությունը, տեսնենք՝ ինչ են անելու, մեզ առաջին հերթին հետաքրքրում է, որ եղբայրս առողջանա»:

Մամուլում անդրադարձել են նաև սպանդանոցների թեմային` նշելով, որ դրանք պարապուրդի են մատնված. «Սպանդանոցների սեփականատերերը ասում են, որ իրենք հավատալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներդրումներ են արել, կառուցել են սպանդանոցներ, սակայն հիմա դրանք մատնված են պարապուրդի, իսկ իրենք ֆինանսական լուրջ վնասներ են կրում, քանի որ նախկինի նման ով որտեղ ուզում՝ այնտեղ էլ մորթ է իրականացնում: Պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից»:

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հաղորդման 14 էջանոց մերժումը երեկ բողոքարկել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն։ Բողոքի մեջ ներառված են մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի կողմից միտումնավոր թաքցնելու և աղավաղելու փաստը հաստատող լրացուցիչ փաստական տվյալներ։ Բողոքի ընդհանուր ծավալը կազմել է 21 էջ՝ հաղորդման 7 էջի փոխարեն»։

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը, անդրադառնալով  Արցախյան հիմնախնդրին և Արցախյան ընտրություններին ասել է․ «Ալիեւը շատ լավ գիտակցում է, որ ՀՀ վարչապետը շատ լեգիտիմ պահանջ է առաջ մղում: Եթե ի սկզբանե գործընթացը եռակողմ է սկսվել եւ հրադադարը եռակողմ է կնքվել, Ղարաբաղը ամբողջությամբ հակամարտության մաս է, ապա լեգիտիմ պահանջ է առաջ քաշվում. ո՞ւր է Ղարաբաղը բանակցային սեղանին, ո՞վ է արտահայտում Ղարաբաղի ձայնը բանակցային սեղանի մոտ, որովհետեւ Ղարաբաղում Հայաստանի իշխանություններին քվե չեն տալիս, իրենք ընտրում են իրենց իշխանություններին եւ այդ քվեն արտահայտողների տեղը բաց է մնացել բանակցային սեղանի մոտ: Ալիեւը սարսափում է հենց այս մտքից, թե որքան նպատակային ձեւով ՀՀ իշխանությունները առաջ են մղում այս հարցը եւ շարունակաբար խոսում այս մասին տարբեր միջազգային հարթակներում»:

Armtimes.com-ում հրապարակվել է 88 հոդված՝ բացասական՝ 0, դրական 4, չեզոք 84։

Կայքում տեղ է գտել Աժ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի դիտարկումը։

Կայքում հրապարակվել է նաև «GALLUP International Association»-ի սոցհարցումների պատասխանը․ «Հայաստանի Հանրապետությունում հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը»:

Aravot.am-ում հրապարակվել է 80 հոդված՝ բացասական՝ 21, դրական 3, չեզոք 56։

Հրապարակվել են Ավետիք Չալաբյանի և Արթուր Ղազինյանի կարծիքները:

Մամուլն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, գրել է․ «Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում շատ փոփոխություններ տեղի ունեցան. հատկապես ու առանձնապես փոփոխություններ տեղի ունեցան Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և էլի շատերի կյանքում՝ անմիջականորեն կապված անձամբ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու վերը նշված անձանց և էլի շատերի հանդեպ Փաշինյանի ու նրա հեղափոխական զինակիցների ու գաղափարակիցների վերաբերմունքի ու հարաբերությունների հետ: Եթե հաշվի առնենք նաև կորոնավիրուս պատուհասի առկայությունը Հայաստանում, կարող ենք վստահաբար ասել, որ էական փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն վերը թվարկածս անձանց ու էլի շատերի կյանքում, այլև իր՝ հեղափոխության առաջնորդ, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա հեղափոխական զինակիցների և բոլորիս կյանքում»։

Սամվել Ֆարմանյանն, անդրադառնալով GALLUP-ի տվյալներին, նշել է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ։

Անդրադառնալով ծառայողական մեքենաների թեմային՝ մամուլը գրել է․ «Ծառայողական մեքենաների հարցն այսքան սուր չէր ընկալվի, եթե ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին այդքան մեծ պահանջներ դրած չլիներ պաշտոնյաների առաջ: Իսկ Փաշինյանը դատավճիռ էր կարդացել պաշտոնյաների համար. «Ես կուզենամ մեր պաշտոնյաներն ամեն առավոտ կռացած ու կարտոշկի գրուզավիկի նման տեղափոխող գազելներ նստեն ու գնան, ինչպես ստիպում են տարեցներին, կանանց ու դեռատի աղջիկներին»,- ասել է նա։

1in.am-ում գրվել է 70 հոդված՝ բացասական՝ 2, դրական 10, չեզոք 58:

Կայքն, անդրադառնալով ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, գրել է․ «Հայաստանում մեծ ուշադրության է արժանացել Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը։ Խոսքն այն մասին է, որ ան փաստորեն հաջորդում է հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության տոնի առիթով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձին: Ուղերձ, որը ամենևին լոկ շնորհավորանք չէր: Այդ ուղերձում Նիկոլ Փաշինյանը շոշափել էր կարևոր բովանդակություն, ակնարկելով այն մասին, որ թավշյա հեղափոխությունն ու հետհեղափոխական գործընթացը Հայաստանի համար գործնականում գտնվում է անկախության համար պայքարի տրամաբանության ծիրում: Դա ազդակ է, որը Հայաստանի հետ հարաբերության առումով ԱՄՆ համար մշտապես եղել է առանցքային, անկախության հաստատումից ի վեր»։

1in.am-ի հետ զրույցում քաղաքագետ Էդվարդ Անտինյանն, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին ու Նիկոլ Փաշինյանի քայլերին,  ասել է․ «Նիկոլ Փաշինյանը չի կարող Արցախը հանձնել: Չի կարելի ամեն օր ասել՝ «Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են», հետո ասել՝ «Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու է»: Օրերը հաշված մարդը Արցախը չի հանձնում: Ուրեմն կողմնորոշվե՛ք՝ կա՛մ օրերը հաշված չեն, կա՛մ էլ դուք հաստատ գիտեք, որ եթե նա Արցախի հարցում զիջման գնա՝ օրերը հաստատ հաշված կլինեն: Իմաստը ո՞րն է դրա: Չի՛ լինելու այդպիսի բան: Ու նույնիսկ եթե հիմա արտգործնախարարները տեսակոնֆերանս են անցկացնում համանախագահների և Կասպրչիկի հետ՝ դուք այնտեղ լուրջ շեշտադրումներ չեք էլ տեսնում: Այդ լարվածությունը չկա, այդ ճնշումը չկա մեզ վրա: Այդ ճնշումը մեզ վրա ուզում են ներսից ապահովել, որը չի ստացվում»։

Tert.am-ում հրապարակվել է 30 հոդված՝ բացասական՝ 12, դրական 0, չեզոք՝ 18:

Կայքում տեղ է գտել Տրդատ Սարգսյանի՝ ՔՊ աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հոդվածը։

ՍԴ վերաբերյալ կայքում հրապարակվել է ՄԻԵԴ հայտարարության հետ կապված հետևյալ միտքը. «Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են նաև չկատարել ՄԻԵԴ կայացրած որոշումը հայցի ապահովման մասով, ինչը կունենա արդեն կոնկրետ քաղաքական հետևանքներ ԵԽ նախարարների կոմիտեում` առավել բարդ հեռանկարներով: Հաշվի առնելով վերը բերվածը՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի իրավաբանական թևը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` խորապես չհաշվարկելով իրավաբանական հետևանքները»։

Azatutyun.am-ում հրապարակվել է 27 հոդված՝ բացասական՝  0, դրական 0 , չեզոք 27:

Ազատություն ռադիոկայանը որևէ դրական կամ բացասական գնահատական չի տվել Նիկոլ Փաշինյանի գործութնեությանը, և ոչ էլ այնսպիսի նյութեր են տեղադրվել վարչապետի գործունեության մասին, որոնք կարող էինք գնահատել դրական կամ բացասական: