ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Aravot.am -ի հետ զրույցում պարգևավճարների հարցից հունից դուրս է եկել։ ԱԺ փոխխոսնակը վիրավորական արտահայտություններ է թույլ  տվել լրագրողների հասցեին՝ կրկին մեղադրելով  լրատվականներին ծրարով գումար ստանալու մեջ։

«Մեդիա պաշտպան»  նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Խոսքի ազատության դեմ անանուն և անհասցե հարձակումները  խաթարւմ են  իշխանություն֊լրատվություն֊հասարակություն կապը։ Անհասցե մեղադրանքները քանիցս կրկնվում են, որոնք որևէ հիմնավորում չունեն։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն աշխատել է լրատվական դաշտում  և հիմա նախկին գործընկերների հասցեին մեղադրանքներ է հնչեցնում։  Փաստացի,  ըստ Ալեն Սիմոնյանի,  նախկինում էլ  է նույն պրակտիկան եղել։ Հորդորում ենք Ալեն Սիմոնյանին չթերագնահատել  ԶԼՄ-ներին ու գիտակցել  լրագրողների հետ փոխհամագործակցության կարևորությունը։  Մեդիայի դեմ շարունակական հարձակումներով  Ալեն Սիմոնյանը հավակնում է ստանալ «Մեդիայի թշնամու» կոչումը։

Ալեն Սիմոնյանին հիշեցնենք, որ խոսքի ազատությունը պաշտպանելը իր սահմանադրական պարտականությունն է և, նա պետք է սատար կանգնի ազատ խոսքին ու մամուլին։