Կարլեն Ասլանյանի հարցազրույցը միակողմանի էր

Ազատություն TV-ի եթերում հուլիսի 2-ին Կարլեն Ասլանյանի հյուրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էր։ Զրույցի թեման ներքաղաքական վերջին իրադարձություններն էին՝ գույքահարկի բարձրացումից մինչև ՍԴ շուրջ տեղի ունեցող իրադարձություններ։  Կարլեն Ասլանյանը, խախտելով լրագրողական էթիկան, քաղաքական հայտարարություն արեց․ «Կոնգրեսը, լինելով հեղափոխության աջակից, այդ պայքարում ամենամեծ ավանդն ունեցած ուժերից մեկը, հիմա նոր-նոր որպես կառուցողական ընդդիմություն դիրքավորվում է․․․»։ Բացի այդ, լրագրողը, անդրադառնալով ՍԴ շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ոչ կոռեկտ արտահայտվեց, «Հրայր Թովմասյանը, որը այս ճգնաժամի հարուցիչներից մեկն է դեռ տասը տարի էլ մնալու է այդ շենքում, էլ չասած այլ դատավորների մասին, արդյոք նրանք անմասն են եղել ընտրակեղծիքները դակելու գործին»։ Կարլեն Ասլանյանը համաձայնում էր հյուրի հնչող մտքերի հետ, որևէ հակադարձող հարց չհնչեց, օրինակ՝ 1995-1996թթ ՀԱԿ-ին վերագրվող ընտրակեղծիքների մասին։ Հարցազրույցը վերնագրված էր․ «Այդ «ընդդիմության» նպատակը քաոսն է, որ խուսափեն թալանի վերադարձից, իրենց պատժից»։ Փաստացի, հարցազրույցը միակողմանի էր ու ոչ օբյեկտիվ։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատություն TV-ին պահպանել լրագրողական սկզբունքներն ու զերծ մնալ քաղաքական հայատարարություններից։ Հաղորդավարն իր քաղաքական հայացքներն ի ցույց դնելու, տեսակետ արտահայտելու իրավունք չունի, նա պարտավոր է լինել չեզոք ու անկողմնակալ։