Ուղղորդող ու մանիպուլյատիվ․ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացությունը՝ Արամ Օրբելյանին վերաբերող ռեպորտաժի վերաբերյալ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին էր դիմել փաստաբան Արամ Օրբելյանը՝ ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 2020թ․ հունվարի 30-ին «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում հեռարձակված «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» վերնագրով նյութի (հեղինակ` Գ․ Թոսունյան): Ըստ բողոքի հեղինակի՝ հրապարակման մեջ խախտված են եղել «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» մի քանի դրույթներ։ Մասնավորապես, մինչև հրապարակումը չեն ստուգել աղբյուրից ստացված տեղեկության հավաստիությունը՝ չապահովելով նաև անկողմնակալությունը նյութի հավասարակշիռ ներկայացման միջոցով, կոծկել և խեղաթյուրել  են  փաստերը, հրապարակել են ակնհայտ կեղծ տեղեկություններ,  չեն ապահովել, որ նյութի վերնագիրը բխի նյութի բովանդակությունից, մեջբերումները օգտագործել են համատեքստից դուրս և ոչ միայն։

Դիտորդ մարմնի եզրակացությունը պարունակում է 6 կետ, դրանցից հինգում էթիկական սկզբունքների խախտում չի արձանագրվել, իսկ 6-րդ կետի վերաբերյալ  դիտորդ մարմինը խնդիր է գտել․ «Ռեպորտաժի վերնագիրը՝ «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները», և «Լուրերի» հաղորդավարի բացման խոսքը չեն բխում հիմնական նյութի բովանդակությունից: Ավելին՝ դրանք նաև ուղղորդող բնույթ ունեն, ինչը ամբողջ նյութին հաղորդում է որոշակի մանիպուլյատիվ բնույթ: Ռեպորտաժում չեն բերվում փաստեր կամ մեկնաբանություններ վերնագրում և բացման խոսքում հիշատակած հետևանքների մասին: Այս մասով խախտվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 1․5 դրույթը, ինչի հետևանքով կարող էր վնաս հասցվել փաստաբանի մասնագիտական և անձնական համբավին»։

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացության վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Արամ Օրբելյանի ներկայացուցիչ, փաստաբան Նարինե Բեգլարյանից։ Արդյոք եզրակացությունը գոհացրե՞լ է և որո՞նք են լինելու հետագա քայլերը․ «Պետք է արձանագրենք, որ ռեպորտաժը խնդիր ունեցել է։ Դիտորդ մարմինն էլ փաստել է, որ Հանրային հեռուստաընկերության լուրերով եթեր հեռարձակված ռեպորտաժի վերնագիրը խնդրահարույց է, չի համապատասխանել բովանդակությանը, ուղղորդող է եղել, մանիպուլյատիվ, ըստ էության, ռեպորտաժի հավասարակշռությունը խախատված է եղել։ Իրենք խնդիր են գտել մեկ պարամետրով։ Մեր ակնկալիքն ավելին էր, որովհետև պարզ է, որ մենք դիմում էինք ավելիի համար, բայց էնպես չի, որ չի արձանագրվել  խախտում։  Հանձնաժողովն արել է իր աշխատանքը, տվել է իր կարծիքը։ Մեր հետագա քայլն այն է, որ պետք է դատարանում գործընթացը շարունակենք ։ Ուրբաթ օրն այս գործով առաջին դատական նիստն է»։

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացությունը հրապարակել է կայքէջում։ Նաև՝ լուրերի թողարկման ընթացքում տեղեկացրել է եզրակացության մասին՝ նշելով, որ համագործակցել են դիտորդ մարմնի հետ, պատասխանել հարցերին, ներկայացրել  իրենց տեսակետները։