Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020թ-ի հունիսի 10-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 205 հոդված, որոնցից 84-ը եղել է բացասական, 121-ը՝ չեզոք։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել: Առհասարակ իշխանության ներկայացուցիչների մասին դրական հոդվածների քանակը նվազել է։

Լրատվամիջոցները հետաքրքրվել են Արայիկ Հարությունյանի արտագնա այցերով. «Ի՞նչ նպատակով է ՀՀ կրթության և գիտության նախարարը 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղվել և մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երբ հայտնի է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի ունեցել կրթական բաղադրիչ։ Կամ՝ ի՞նչ տրամաբանությամբ է վարչապետը նրան ընդգրկել ՀՀ կառավարական պատվիրակության կազմում, ո՞րն է եղել Արայիկ Հարությունյանի սեփական կրթական օրակարգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։Պարզորոշ է՝ գործ ունենք հերթական տուրիստական այցի հետ»։

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անտեսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության որոշումը. «Գյումրիում մականախաղի դաշտ կառուցելու խոչնդոտի հետ կապված «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն առաջարկով դիմել էր վարչապետին կառավարության որոշմամբ խնդիրը լուծելու համար: Ընդառաջելով ՀԿ առաջարկին՝ Կառավարությունը մայիսի 14 -ին որոշում էր կայացրել խնդիրը լուծելու և 10 օրվա ընթացքում անհրաժեշտ գույքը ետ փոխանցելու ներդրողին: Կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետից (10 օրից) անցել է ևս 15 օր, բայց ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվում է կատարել կառավարության որոշումը և գույքը չի փոխանցում ներդրողին` պատճառաբանելով, թե նախարարության կողմից ինչ որ հաշվարկների սխալմունք է եղել և ժամանակ են ձգձգում»:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում առկա են ներքին խնդիրներ, և Տիգրան Ավինյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն կարգավորվում: Հրապարակումների  համաձայն, Տիգրան Ավինյանը շուտով հեռանալու է իր պաշտոնից, և նրան փոխարիներու է Արայիկ Հարությունյանը։