Խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը

Լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աղավնաձորի ծերանոց-պանսիոնատում գրանցված թունավորման դեպքին։ Լրագրողը պարզել է, որ պանսիոնատին կերակուր է մատակարարել «Էպիկուր» ժամանցի կենտրոնը, որի մատակարարած ուտելիքից էլ, ըստ ամենայնի, թունավորվել են շատերը։

Դեպքի առնչությամբ պաշտոնական որևէ հայտարարություն չհնչեց։
Սյուզի Բադոյանը, դեպքի հետքերով գնացել է «Էպիկուր» ժամանցի կենտրոն` պարզաբանումներ ստանալու համար, բայց, ըստ Բադոյանի, այնտեղ իր մասնագիտական աշխատանքը խոչընդոտվել. «Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ին՝ 18:00 -ի սահմաններում՝ Երևանի Պուշկինի 40 հասցեում գործող Էպիկուր փաբում, իսկ գործող անձ-խոչընոտողները հենց սեփականատերերն էին՝ ըստ ԱՆ պետռեգիստրում գրանցման տվյալների՝ Էպիկուր ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը և մյուս համասեփականատերեր Գոռ և Արթուր Թադևոսյանները (եղբայրներ են):
Վեճը ծագեց այն բանից հետո, երբ Աղավնաձորի նկարահանումներից հետո վերադարձանք Երևան ու անսպասելի մուտք գործեցինք թունավորման պատճառ դարձած մատակարարի փաբ: Տիգրան Գասպարյանի հախուռն պահվածքից միանգամից հասկանալի դարձավ, որ խուճապի մեջ են մեր հրապարակումից։
Հակափաստարկ, բնականաբար չուներ, բայց սպառնալիքների պակաս չզգացինք: Գործարարը մեկ-երկու պարզաբանման փոխարեն նախընտրեց մեզ ցինիկ արտահայտություններով, հարայհրոցով ու սադրանքներով դուրս անել իր օբեկտից, ասելով, որ ես կդատվեմ իմ հրապարակած նյութի համար»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագրողների մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու բոլոր փորձերը։ Նման դրսևորումները լրագրողների նկատմամբ հաճախակի են դարձել։ Լրագրողական համայնքին կոչ ենք անում համախմբված մնալ ու պայքարել խոսքի ազատության դեմ ուղղվող ցանկացած ոտնձգության դեմ։