Խնդրահարույց օրենքի շրջանակներում հնարավոր է` հեռուստաընկերություններ փակվեն

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք խնդիրների մասին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բարձրաձայնել է։ Հատկանշական է, որ օրենքի բացերը նշելուց հետո էլ, օրենքի նախաձեռնողներն այդպես էլ հանրային քննարկում չկազմակերպեցին։

«Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Թևոսյանը, պատասխանելով լրագրողի հարցերին, անդրադարձել է հեռուստաընկերություններ փակելու խնդրին․ «Այս օրենքը, կարծում եմ, հենց ստեղծում է հնարավորություն, որ այդ պնդումները՝ օբյեկտիվության մասին, իրոք սկսեն համապատասխանել իրականությանը՝ ձեւավորելով հանրային վստահություն այդ օբյեկտիվության նկատմամբ։ Խնդիր դրված չէ եւ չի եղել՝ ինչ-որ ալիքներ փակելու։ Խնդիր է դրված եղել՝ խոսքի ազատության քաղաքակիրթ միջազգային ստանդարտներ ապահովելու»։ Փաստորեն, Վահագն Թևոսյանը չի բացառում, որ գուցե լինեն հեռուստաըներություններ, որոնք հնարավոր է այս օրենքի շրջանակներում փակվեն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խնդրահարույց է համարում նախագծի հեղինակի նմանօրինակ ձևակերպումները։ Սա կարող է առիթ դառնալ, որպեսզի շատ հեռուստաընկերություններ ընկնեն սուբյեկտիվ գնահատականների թակարդն ու դադարեցնեն իրենց գործունեությունը։ Կոչ ենք անում հեռուստաընկերություններին արձագանքել և միասնական ճակատով հանդես գալ սուբյեկտիվ օրենքի դեմ։