Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ

2020 թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 534 հոդված, որոնցից 37-ը եղել է բացասական, 53-ը՝ դրական, 444-ը՝ չեզոք։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ։ Բացասական հոդվածներն ավելի տարաբնույթ են՝ ի տարբերություն դրականների։

ՌԴ-ում անցկացվող Հաղթանակի օրվան նվիրված շքերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու։ Մամուլն, անդրադառնալով այդ թեմային, գրել է․ «Ուշագրավ է՝ եթե Փաշինյանը չի մասնակցելու, ապա չմոռանանք, որ մենք ունենք ՀՀ նախագահ եւ կարող էր ինքը մասնակցել, բայց ոչ՝ մասնակցությունը միայն պաշտպանության նախարարի մակարդակով է լինելու: Արմեն Սարգսյանն ըստ երեւույթին կամ վախենում է Փաշինյանի ճնշումներից ու նախատինքներից, կամ էլ ինքը եւս Կրեմլում անցանկալի պերսոնա է»։

Լրատվամիջոցներից մեկն, անդրադառնալով հանրաքվեն չեղարկելու մասին ընդունված որոշմանը և Արմեն Սարսգայնի գործողություններին, գրել է․ «Վենետիկի հանձնաժողովն այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից։ Հունիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, որը բազում իրավաբանների կողմից որակվեց որպես հակասահմանադրական։ Արդեն 15 օր է անցել, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքը ու թեպետ ունի 21-օրյա ժամկետ, սակայն, ըստ տեղեկությունների, սպասում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները ՍԴ-ի «ճգնաժամը» լուծելու համար մի քանի հարցերի վերաբերյալ դիմում են գրել Վենետիկի հանձնաժողովին, դրանցից մեկն էլ հանրաքվեն ԱԺ–ում չեղարկելու հնարավորության մասին է»։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն, անդրադառնալով լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքին, գրել է․ «Ոստիկանության բռնությունները հատկապես լրագրողների նկատմամբ դատապարտելի են, ու հույս ունեմ անհրաժեշտ բոլորը կդատապարտեն: Հաջորդն Արմեն Սարգսյանն է»։

Որպես դրական հոդված առանձնացվել է այն լուրը, ըստ որի՝ Սերբիան Հայաստանին օգնություն է ուղարկել․  «Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին որպես աջակցություն տրամադրված այս թանկարժեք օգնության ակունքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի ջերմ հարաբերություններն են»: