Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի հունիսի 8-ից 17-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, azatutyun.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 612 հոդված։ Որոնցից 115-ը՝ բացասական, 14-ը՝ դրական, 483-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

«Սա ակնհայտ քաղաքական մոտեցում է, և եթե պետք է դատավճիռ կայացնել, ապա այն պետք է կայացնել օրվա իշխանության դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ընտրողաբար օգտագործում է ենթադրյալ փաստերը՝ իր իշխանությունն ամրապնդելու և ընդդիմադիրներին ճնշելու նպատակով»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերին։

«Կամք» հասարակական նախաձեռնությունն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, հանդես է եկել հայտարարությամբ․ «Այն, որ իբր թե մարդիկ պատասխան են տալիս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված կոռուպցիոն գործողությունների և թալանի համար, առաջին հայացքից միայն ողջունելի կարող էր լինել, սակայն մյուս կողմից նկատի ունենալով անցած երեսուն տարիներին ՀՀ-ում հիմնավորված համատարած կոռուպցիոն համակարգի և թալանի արատավոր փաստը` Նիկոլ Փաշինյանի վարչախմբին ոչ ոք իրավունք չի վերապահել հալածել նախկիններից միմիայն նրանց, ովքեր խանգարում են իրենց քաղաքական կարճաժամկետ շահերին»:

ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն, անդրադառնալով կորոնավիրուսի թեմային, ասել է, որ երբ իրենք խոսում էին կարանտինի խիստ պահպանման մասին, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում՝ առանց դիմակների:

Կոմերսանտն, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, գրել է․ «Հետհեղափոխական իշխանությունը չի ցանկանում գոյակցել ուժի և ազդեցության այլ կենտրոնների հետ, որոնք դուրս են իր վերահսկողությունից: Ռազմավարական առումով սա բարդ ուղի է: Այսօր հանրապետության կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ ժողովրդավարություն է վայելում: Բայց ոչ մեկ չի ասում, որ միշտ այդպես կլինի: Եվ եթե այսօրվա հանգամանքները փոխվեն, բացառված չէ, որ վարչապետի հակառակորդները կցանկանան նույն կերպ վճարել իրեն՝ քրեական բաց գործերի ձևով: Իշխանության փոխանցումն այս դեպքում ոչ այլ ինչ է, քան հորինվածք»:

Ամերիկյան The New York Times պարբերականն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին խորհրդարանի կայացրած որոշմանը՝ նշելով, որ․ «Հայաստանի խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ խարդախության կասկածանքով»: Պարբերականը նշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նաև Հայաստանի մեծահարուստ գործարարներից մեկն է, հերքել է իր հանդեպ հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ կատարվող գործողությունները քաղաքական շարժառիթներ ունեն: Աղբյուրը նկատում է, որ Ծառուկյանը վերջերս մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:

Armtimes.com-ը հրապարակել է 177 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 2, չեզոք՝ 172։

Գագիկ Ծառուկյանը, խոսելով իր դեմ ԱԺ-ում կայացվող որոշումների մասին, կոչ է արել պատգամավորներին խղճով առաջնորդվել։ Ծառուկյանը նշել է, որ հեղափոխական իշխանության կողմից տրված խոստումները բոլորը սուտ էին, չեն կատարվել: Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հուշագիր ստորագրելով՝ ցանկացել է օգնել, աջակցել, որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքները իրականան։

Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, գրել է․ «18 թվին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, գնացել եմ, եկել եմ, ասել եմ՝ եկեք միանանք, անենք էնպես, որ Ծառուկյանն էլ միանա, 15 թվին երբ որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ էր, գնացել ասել եմ՝ եկեք միանանք, այդ թվում Ծառուկյանն էլ միանա, մեկտեղեք ուժերը բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխող համակարգին: 18 թվականին արդեն վարչապետ էր, գնացել ասել եմ մեկտեղեք ուժերը: Այդ թվականին վերջապես մի պահ ժողովուրդ ուրախացավ, ասեց միասնական ուժերով հարց է լուծվելու, ու հիմա՝ էսպես: Բա ասում եք՝ պատերազմ է, ասում եք պատերազմ ենք վարում կորոնավիրուսի դեմ, այդ թվում եւ սահմանին մեզ սպառնացող կորոնավիրուսի դեմ: Բայց ճգնաժամում հնարովր չէ՞ր միատեղել ուժերը»:

Քաղաքագետ Մովսես Հարությունյանն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի ուժայիններում իրականացրած փոփոխություններին, ասել է․ «Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը դրսեւորում է քաղաքական կամք՝ կյանքի կոչելու իր տված խոստումները: Իրականացվող հաճախակի փոփոխությունները վկայում են, որ նրան փաստացի չեն գոհացնում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը»:

Aravot.am-ը հրապարակել է 169 հոդված, բացասական՝ 53 , դրական՝ 2, չեզոք՝ 114։

Կայքում հրապարակվել է «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը։ Վահե Էնֆիաջյանի դիտարկումները նույնպես տեղ են գտել լրատվականում։ Լրատվականում տեղ է գտել նաև Կոմերսանտի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

ՀՀԿ-ն, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, ներքաղաքական իրավիճակին և Արցախյան հիմնախնդրին,հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով, որ․ «Ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է եւ ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա եւ պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումն է՝ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Կայքում գրված է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում իշխանություններին հիշեցրել է, թե իշխանականներն ինչպես էին «ընկերություն» անում Ծառուկյանի հետ, ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանում օլիգարխներ չկան, Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ինչպես էր քաղաքական հուշագիր ստորագրում, հետո ինչպես էին ԲՀԿ-ից ընտրում ԱԺ փոխխոսնակ՝ դրանով ճանաչելով ԲՀԿ-ի՝ առողջ ուժ լինելու հանգամանքը. «Այս ազնվության հանգամանքը քննարկման առարկա դարձնենք: Տեղի է ունենում ԲՀԿ նախագահի ընտանիքում արարողություն՝ հարսանիք, հարսանիքին մասնակցում է ողջ իշխանության, քաղաքական էլիտայից մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը ու այս օրերին ինչ հարցազրույցներ են տալիս Գագիկ Ծառուկյանի մասին»:

1in.am-ը հրապարակել է 102 հոդված, բացասական՝ 7 , դրական՝ 9, չեզոք՝ 86։

Christian Science Monitor-ն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ գրելով․ «Նիկոլ Փաշինյանը անվտանգությունը չի տեսնում ռազմական պրիզմայի միջով: Փոխարենը նա անվտանգությունը դիտարկում է կոռուպցիան արմատախիլ անելու, օրենքի գերակայությունը բարելավելու, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, Հայաստանի տնտեսությունն ու առևտրային կապերը դիվերսիֆիկացնելու տեսանկյունից: Համաձայն ցուցանիշներից մեկի` երկրում ազատազրկման մակարդակը հեղափոխությունից ի վեր նվազել է մեկ երրորդով: Փաշինյանը նաև կատարել է փորձեր կանխելու բախումը Ադրբեջանի հետ: Հոդվածը հիշատակում է 2016-ի ապրիլյան պատերազմը և նշում, որ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո սկսված բանակցությունները դադարեցրել են բռնությունը և խաղաղ հանգուցալուծման հույսեր առաջացրել»:

Կայքում տեղ է գտել նաև ՀՀԿ հայտարարությունը։

Tert.am-ը հրապարակել է 100 հոդված, բացասական՝ 48, դրական՝ 2, չեզոք՝ 50։

Լրատվականում տեղ են գտել Ռուբեն Հակոբյանի և Վահե Էնֆիաջյանի  կարծիքները։

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին, գրել է․ «ԲՀԿ նկատմամբ ակնհայտ ցինիզմով շաղախված քաղաքական հետապնդումներն ու փողոցում բողոքող քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներն իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանին տանում են ուղիղ դեպի քաղաքական կործանում»։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետի՝  նոր Սահմանադրություն ընդունելու մասին արված հայտարարությանը, գրելով․ «Նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը «թիթեռ նկարելու» հերթական փորձն է, որն ի սկզբանե մեռելածին է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ իր իշխանությունը չի դիմանա զանգվածային կամարատահայտության որևէ փորձի՝ հանրաքվեի, ընտրության, անգամ՝ հանրահավաքի»։

Azatutyun.am-ը հրապարակել է 64 հոդված, բացասական՝ 4, դրական՝ 1, չեզոք՝ 59։

Աժ պատգամավոր Արման Աբովյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործին, ասել է, որ իշխանությունները հակաքարոզչություն են սկել Գագիկ Ծառուկյանի դեմ։