«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում չհեգնել լրատվականներին

Armday.am կայքում արտատպվել է ֆեյսբուքյան գրառում, ըստ որի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, առանձնատուն է գնել Կանդայում։

Armday.am կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանի ֆեյսբուքյան էջում Աննա Հակոբյանն, անդրադառնալով նյութին, գրել է. «Շատ տպավորիչ էր:) Բա որ այլ լրատվամիջոցներ էլ զանգում, մեկնաբանություն են ուզում՝ ճիշտ է, թե՝ ոչ:) Մի հատ սրանից ավելի ճոխը գնել եմ Արգենտինայում, մի հատ Բրազիլիայում, մի հատ անցյալ տարի՝ Իսլանդիայում։ Ու տենց ամեն այցի ժամանակ՝ գնում եմ՝ մինիմում 2 միլիոնանոց ասաբնյակ։ Հիմա բոլորի ֆոտոները google անեմ ուղարկեմ՝ լուր սարքեք:)»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կապ է հաստատել Տաթև Այվազյանի հետ։ Գլխավոր խմբագիրը նշել է, որ նյութի սկզբնաղբյուր իրենք չեն հանդիսանում, նաև հավելել, որ Աննա Հակոբյանի ընտանիքին պատկանող թերթը նախկինում և մինչև հիմա էլ միակողմանի նյութեր է հրապարակում։

Տաթև Այվազյանն առաջարկել է Աննա Հակոբյանին պաշտոնական հերքում ներկայացնել, որը ևս կտեղադրվի Armday.am-ում։

Ըստ գլխավոր խմբագրի` պետք չէ լրատվականին սարկազմով պատասխանել, փոխարենը կարելի է ընդամենը պաշտոնական հերքում հրապարակել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում չհեգնել լրատվականներին, հարգել գործընկերներին. լրատվամիջոցների հետ հաջող աշխատանքը պետք է հիմնված լինի փոխհամագործակցության ու բարիդրացիական հարաբերությունների հիման վրա: