Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 262 հոդված, որոնցից 82-ը եղել է բացասական, 180-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
Նշվում է, որ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջում Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված որևէ շնորհավորական ուղերձ չի եղել։

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը գրառումներ է արել անշարժ գույքի գրեթե 4 անգամ թանկացման և Հայկ Մարությանի հայտարարության կապակցությամբ, թե քանի շուտ է ծախենք, հետո էժանանալու են։

«Իսկ գիտե՞ք, որ այդպես կփլվի անշարժ գույքի շուկան: Դուք հաշվի չեք առել, որ մեր սփյուռքի հայրենակիցների համար հենց ցածր դրույքաչափն էր գրավիչ դարձնում այստեղի գույքը: Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից», — գրել էր Ռուսլան Բաղդասարյանը։

Ըստ մամուլի` քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկը Երևանում նոր մետրոյի կայարան կառուցելն էր, նույնիսկ եղան հայտարարություններ, որ մասնավոր ընկերություն է իրականացնելու այդ կառուցապատումը։ Հրապարակման համաձայն`անցել է մեկ տարի, բայց շինարարությունը չի սկսվել։

Մամուլում անդրադարձ է եղել նաև գույքահարկի բարձրացման թեմային, որը քննադատվում է մի շարք հասարաքաղաքական գործիչների կողմից. «Մեկ տարի առաջ տեղական տուրքերի բարձրացումը հավանաբար բավարար չի Հայկ Մարությանի, նրա տեղակալների, խորհրդականների, վարչությունների պետերի առանց այն էլ աստղաբաշխական պարգևտրումների համար։ Երբ խոսվում է ավելի թանկ գույքից ավելի բարձր գույքահարկ ստանալու մասին, բնականաբար դա հիմնականում վերաբերվում է մայրաքաղաքին։ Հայաստանի մնացած բնակավայրերում գույքի արժեքը ավելի ցածր է՝ պայմանավորված դրա կադաստրային և շուկայական արժեքներով»: