Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատությունների կիզակետում լինել

2020թ-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 141 հոդված, որոնցից 38-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 102-ը՝ չեզոք։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատությունների կիզակետում լինել։ Շարունակվում է ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի և Արայիկ Հարությունյանի հակամարտությունը։ Կենսաֆիզիկոս Սասուն Գևորգյանն, անդրադառնալով այդ թեմային, ասել է․ «Նա միջազգային չափանիշներով ամենասովորական գիտական արդյունքն է տվել, չնայած երեսունյոթ տարեկանում դոկտորական է պաշպանել, սա չեմ էլ ուզում քննարկել: Միակն էր բոլորի մեջ, որի հետ կարելի է խոսել, մնացածի հետ՝ Արայիկ Հարությունյան, Հովհաննես Հովհաննիսյան, Մխիթար Հայրապետյան…խոսելու բան չկար, նրանք գաղափար էլ չունեն, թե գիտությունն ինչ է, և բնականաբար ոչ մի տեսլական էլ չունեն դրա զարգացման մասին»։

Ըստ լրատվականների` պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ արտակարգ իրավիճակի պայմաններում խոցելի խմբերը՝ քրոնիկ հիվանդություն ունեցողները և տարեցները կարող են աշխատել հեռավար՝ տանից։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, շատ պետական հիմնարկներ անցել են այս աշխատանքային ռեժիմին՝ մարտի 17-ից սկսած։ Նույնը, որքան տեղյակ էինք, նախարարություններում էր։ Ստացված տեղեկությունների համաձայն նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է անխտիր բոլորին մայիսի 18-ից ներկայանալ աշխատանքի։ Մարդիկ տարակուսած են եղել՝ կորոնավիրուսը ԿԳՄՍ նախարարության աշխատողներին չի՞ դիպչում։

Լրատվականն, անդրադառնալով ներքաղաքական հարցերին և իշխանության կադրային քաղաքականությանը, գրել է․ «Ասենք, հետաքրքիր է՝ վարչապետը չի՞ փոշմանել Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ դարձնելով։ Պարզ է չէ՞, որ նա Երեւանի ամենաանհաջող քաղաքապետներից մեկը դուրս եկավ եւ Երեւանն արժանի չէր նման ղեկավար ունենալուն։ Կամ՝ գո՞հ է արդյոք կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանից, ում ուսերին եւս երկու ոլորտ դրեց՝ առանց մտածելու, որ նա անգամ այն առաջին երկուսից գլուխ չի հանում։ Իսկ ՔՊ-ական մարզպետների՞ց, օրինակ՝ Լոռվա, Արմավիրի կամ Վայոց Ձորի մարզպետներից գո՞հ է։ Մեզ ամեն օր նրանց գործունեությունից ամենաարտառոց պատմություններն են պատմում»։