Իշխանական պատգամավորներն ընդունում են միայն Հանրային հեռուստաընկերության հրավերը

«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հաղորդավար Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում էր արել՝ մտահոգություն հայտնելով, որ իշխանական պատգամավորները մերժում են հարցազրույցի հրավերը։ Նա, մասնավորապես, գրել էր․ «Մինչև վերջերս ինձ հաջողվում էր շաբաթը ձեզնից գոնե մեկին հյուրընկալել հաղորդմանս, հաճախ՝ տևական ջանքերի գնով: Որպես կանոն՝ ստանում էի 10-15 մերժում, մինչև իշխանական պատգամավորներից մեկը համաձայնում էր գալ եթերի: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ ջանքերն անպտուղ են. թեև շարունակում եմ դիմել կառավարող խմբակցության տասնյակ պատգամավորների, կա՛մ տարբեր կենցաղային պատրվակներով մերժում եմ ստանում, կա՛մ էլ արհեստածին պատճառներով չի հաջողվում կապվել նրանց հետ: Բնավ չեմ ուզում ենթադրել, որ կա քաղաքական պայմանավորվածություն՝ հարցազրույցի չգալու առհասարակ, այնպես որ՝ ստիպված, այլ ելք չունենալով, հրավերս վերահաստատում եմ այստեղ՝ հրապարակայնորեն»: Մինչդեռ Հանրային հեռուստաընկերության հրավերը իշխանական պատգամավորները չեն մերժում։ Մեկ ամսվա մշտադիտարկման արդյունքում՝ ապրիլի 15-ից մայիսի 15-ը, Պետրոս Ղազարյանի գրեթե բոլոր հյուրերը եղել են կամ «Իմ քայլը» խմբակցությունից կամ իշխանամետ գործիչներ՝ չհաշված «Հանրային քննարկում» հաղորդումը։ Ներկայացնում եք հյուրերի ցանկը՝ ապրիլի 15՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, ապրիլի 16՝ Ոստիկանապետ Արման Սարգսյան, ապրիլի 17՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, ապրիլի 20՝ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Սուրեն Գրիգորյան, ապրիլի 21՝ «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ՍՊԸ տնօրեն Սուրեն Սարգսյան, ապրիլի 22՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, ապրիլի 23՝ «Միավորված աշխատանքային կուսակցության»  նախագահ Գուրգեն Արսենյան, ապրիլի 24՝ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան, ապրիլի 28՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան, ապրիլի 29՝ «Իմ քայլը» խբակցության պատգամավոր Արտակ Մանուկյան և ԼՀԿ պատգմավոր Գևորգ Գորգիսյան, մայիսի 1՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյան, մայիսի 4՝ Առողջապահության նախարարի տեղակալ  Լենա  Նանուշյան, մայիսի 8՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց,  մայիսի 11՝ Առողջապահության նախարարության  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  գլխավոր տնօերենի տեղակալ  Նունե Բակունց, մայիսի 12՝ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան, մայիսի 13՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյան , մայիսի 14՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան, մայիսի 15՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայան։

Մի կողմից իշխանության ներակայացուցիչները մերժում են այլ հեռուստաընկերությունների հրավերները, մյուս կողմից մեղադրում են նրանց։ Օրինակ, Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարեց, որ նախկինները լրատվական դաշտն օգտագործում են, որ մարդկանց իրենց դեմ տրամադրեն։ Մինչդեռ եթե ասելիք ունեն ու վստահ են, ինչու չեն ընդունում այլ հեռուստաընկերությունների հրավերն ու նաև այդ խնդրի մասին բարձրաձայնում ոչ հանրայինի եթերում։ Ինչ վերաբերում է ոչ իշխանամետ գործիչների՝ Պետրոս Ղազարյանի «Հանրային քննարկման» հրավերը մերժելու պատճառներին, նրանք նշում են, որ տրամադրվող եթերաժամանակը հավասարաչափ չի բաշխվում, ինչի հետևանքով հայտնվում են անհարմար դրության մեջ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է՝ իշխանությունները պատրաստվում են օրենք ընդունել, բարձրաձայնում են հեռուստաեթերի բովանդակային ու մի շարք խնդիրների մասին, մեղադում են միակողմանիություն ու կողմապահութան մեջ, մինչդեռ իրենք են խուսափում օրախնդիր մի շարք հարցերի շուրջ ուղիղ եթերում բանավիճելուց ու մերժում են մասնավոր հեռուստաընկերությունների հրավերը։  Փաստացի, ստեղծում են արհեստական խնդիրներ, իսկ հետո առաջ քաշում օրենքներ, որոնք ծառայեցնում են սեփական շահերին։