Բացասական հոդվածները գերակշռում են

2020 թ-ի մայիսի 10-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, news.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 699 հոդված։ Որոնցից 131-ը՝ բացասական, 21-ը՝ դրական, 547-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին մշտադիտարկման ընթացքում հրապարակվել են թե’ բացասական, թե’ դրական հոդվածներ, սակայն գերակշիռ մասը բացասական են։

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ վատագույն իշխանությունն են։

Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվերից մեկին, ասել է. «Փաշինյանը խուճապի մեջ է, և դրա պատճառը հարյուր հազարավոր քաղաքացիների դժգոհությունն է»:

Բելառուս վերլուծաբան Յուրի Դրակախրուստի խոսքով, ՌԴ նախագահն ինստիտուցիոնալ կերպով հրաժարվեց լուծել Հայաստանի հետ գազի գնի հարցը. «Բայց նա չի հրաժարվել առևտուր անելուց։ Նա չի հրաժարվել նրանից, որ Փաշինյանը կամ այլ չինովնիկներ գնան Մոսկվա՝ «Գազպրոմ», համոզեն, որ իրենց համար դժվար է, պետք է մտնեն իրենց դրության մեջ, կարող են այլ հարցերում ռուսներին ընդառաջ գնալ։ Նման առևտրին նրանք դեմ չեն, և դա չի նշանակում, որ Հայաստանը գազի համար կվճարի համաշխարհային շուկայի գները։ Այո, ինչ–որ զիջումներ կլինեն։ Դա ամեն տարի տեղի է ունենալու»:

News.am֊ում հրապարակվել է 250 հոդված, բացասական` 67, դրական՝ 6, չեզոք՝ 177։

Կայքում տեղ են գտել Նարեկ Սամսոնյանի և Արմեն Աշոտյանի դիտարկումները։

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն, անդրադառնալով կորոնավիրուսի տարածման թեմային, ասել է. «Հիմա ես ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի համաճարակի առողջապահական և տնտեսական բոլոր հետեւանքների համար անմիջականորեն պատասխանատու են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը։ Յուրաքանչյուր մահի համար պատասխանատու են այս երեքը»:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի` արտակարգ դրությունը երկարացնելը Նիկոլ Փաշինյանի համար և՛ քաղաքական, և՛ անձնական դրդապատճառներ ունի։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն էլ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և հավելում է, որ Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը․ «Ուրիշ ոչ ոք։ Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար։ Ձեր ձեռքերում է՝ կլինի՞ Հայաստանը վաղը, թե՝ ոչ։ Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը չի կարծում, թե ԱԺ-ում ծեծկռտուքին հաջորդած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կարող էր բռնություն խրախուսել։ Ըստ նրա ամբողջ ելույթը ծսփահարության էր արժանի։

Armtimes.com֊ում հրապարակվել է 147 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 5, չեզոք՝ 139։

Արման Բաբաջանյանն, անդրադառնալով արդարադատության ոլորտին, նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և քաղաքական մեծամասնության Արդարադատության նախարարից պետք է լսեինք դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրակացնելու ռազմավարություն մշակելու մասին, բայց փոխարենը մենք լսեցինք, թե ինչպես Արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել են նրա իսկ տված հանձնարարականի կատարումը։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է գրել, և իր ֆեյսբուքյան գրառման մեջ շնորհակալություն է հայտնել վարչապետին ոլորտն իրեն վստահելու համար։

Ռուսական մեդիայում տարածվեց լուր՝ ըստ որի Նիկոլ Փաշինյանի պապը կռվել է ԽՍՀՄ բանակում և հերքվեց այն լուրը, թե վարչապետի պապը սատարել է Նացիստական Գերմանիային։

Aravot.am֊ում հրապարակվել է 124 հոդված բացասական՝ 35, դրական՝ 3, չեզոք՝ 86։

Կայքում տեղ են գտել Միքայել Մինասյանի և Արմեն Աշոտյանի դիտարկումները։

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն, անդրադառնալով մաքսանանեգ ծխախոտի թեմային, որն առգրավվել էր ՌԴ֊ում և մամուլի հրապարակումներին, որ այդ ամենի հետ կապ ունի Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայր, Աժ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, նշել է, որ այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի հակափաստարկներին չի հավատում․ «Ես ո՞նց հավատայի՝ զուտ իր խոսքերի՞ն: Ես արդեն մի չորս տարի առհասարակ չեմ հավատում նրան, քանի որ շատ լավ ծանոթ եմ այդ մարդուն: Որևէ հակափաստարկ Փաշինյանի շուրթերից չեմ լսել, հերթական մանիպուլյատիվ շանտաժային բնույթի ելույթն եմ տեսնում: Նա շարունակում է պնդել, որ եթե իրենք հեռանան իշխանությունից, կգան նախկինները: Սա իր միակ ասելիքն է մնացել: Մաքսանենգություն է տեղի ունեցել, և հայկական որոշ շրջանակներ դրա մասնիկն են կազմել»։

1in.am-ում հրապարակվել է 100 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 6, չեզոք՝ 91

Կայքում տեղ է գտել «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումը, ըստ որի այն տեղեկացել է, որ վերջնականապես ամփոփվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և ուղարկվել Ազգային ժողով: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7.6 %-ի մակարդակում, ինչը 2.7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը:

Կայքը հրապարակել է նաև Նիկոլ Փաշինյանի պապի մասին ռուսական կայքերում հրապարակված հոդվածը։

Կայքում տեղ է գտել նաև «Փաստ» օրաթերթի հոդվածը, որի համաձայն Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վահագն Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք չի վերադառնալու աշխատանքի: Սակայն թերթի զրուցակիցը նաև նշել է, որ դրա պատճառը աշխատասենյակի դուռը կապարակնքելը չէ, իսկ իրական պատճառների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի:

Թերթը հավելում է, որ ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կորոնավիրուսային վիճակը չի կարողանում կառավարել, այլև իր սեփական թիմը, որն արագորեն սկսում է ճաքեր տալ։

Tert.am-ում հրապարակվել է 78 հոդված, բացասական՝ 23, դրական՝ 1, չեզոք՝ 54։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը նշել է. «Ինքս էլ համամիտ եմ Մինասյանի վերլուծության հետ, որ պետք է թոթափել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ի վերջո «Քաղաքացիական պայմանագիրը» որպես կուսակցություն և «Իմ քայլը» որպես խմբակցություն պետք է կոլեգիալ մարմիններ դառնան և այնտեղ հավաքված մարդիկ պետք է գիտակցեն, որ անելիք ունեն երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործում և առնվազն ունեն պատասխանատվություն: Այս կոչն ըստ էության՝ սթափության կոչ էր, որպեսզի մարդիկ կանգ առնեն և պատասխանատվությունը գիտակցեն»։

ՀՀ Աժ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում չի ստանձնում պատասխանատվություն։