Պարետատան գործունեության մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի մայիսի 10-ից 19-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պարետատան գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 224 հոդված, որոնցից 94-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 126-ը՝ չեզոք։

Հայաստանում Արտակարգ դրության պայմաններում ձևավորված պարետատան գործունեության մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն անդրադարձել է պարետատան ձևավորման սկզբունքներին և նշել, որ պարետատունը ֆորմալ բնույթ է կրում. «Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ընթացքում առաջին անգամ բախվեց ճգնաժամային իրավիճակի հետ, երբ անգամ իր համար ակնհայտ էր, որ խոսքերով եւ մանիպուլյացիաներով խնդիրն անհնար է լուծել։ Այդ նպատակով որոշվեց առաջին պլան բերել Տիգրան Ավինյանին, ով, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ավելի հմուտ կառավարիչ էր։ Պարետին չտրվեցին անհրաժեշտ գործիքներ, ինչպես օրինակ՝ չսահմանվեց պարետատան բյուջե, չներկայացվեց պարետատան աշխատակազմը, չհայտարարեցին առանձին բնակավայրերում պարետներ նշանակելու մասին։ Այս ամենը նշանակում է, որ պարետը ֆորմալ գործիք էր, ֆորմալ պաշտոն, իսկ իրականում որոշումներն ընդունում է Նիկոլ Փաշինյանը»:

Իրավաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է պարետի գործունեության իրավական կողմին և գրել է. «Ըստ օրենքի կոնցեպցիայի` պարետատունը կոլեգիալ մարմին էր, իսկ պարետին վերապահված էր ընդամենը պարետատունը ղեկավարելու իրավասություն: Սակայն արտակարգ դրություն հայտարարելուց հետո և՛ իրավաբանորեն, և՛ փաստացի պարետատան լիազորությունները ստանձնեց պարետը, ինչը ուղղակիորեն հակասում էր օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին և 2-րդ մասի 1-ին նախադասությանը: Այդ ընթացքում պարետն ընդունել է բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր, որոնց ընդունման իրավասությունը նա չուներ»:

Համեմատական է անցկացվում Վրաստանի և Հայաստանի միջև` կապված վարակակիրների թվերի հետ: Ըստ հասարակության մի շարք ներկայացուցիչների` իշխանության և պարետատան անարդյունավետ աշխատանքի արդյունքում մենք աշխարհում վարակակիրների և բնակչության թվի համեմատականով բարձր հորիզոնականում ենք։

«Լուսավոր հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն, անդրադանառնալով կորոնավիրուսի վերջին ցուցանիշներին ասել է, որ այս ընթացքում պարետատունն անընդհատ անտրամաբանական որոշումներ էր կայացնում, որոնցից հետո ստիպված էր լինում հրաժարվել և, որպես օրինակ նշեց, մեքենայով բացի վարորդից մեկից ավելի ուղևոր չունենալը: Հիմա բոլոր նախաձեռնած միջոցառումներին  քաղաքացիները նույն անլրջությամբ են վերաբերում, հետևաբար` մենք ունենալու ենք դեպքերի աճ։