Տիգրան Ավինյանը ենթարկվել է քննադատության

2020 թ-ի մայիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 519 հոդված, որոնցից 38-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 468-ը՝ չեզոք։

Տիգրան Ավինյանը լրատվական դաշտում ենթարկվել է քննադատության։ Տիգրան Ավինյանի՝ որպես պարետ գործունեությունը քննադատության է արժանացել։ Այս թեմայով հրապարակումներում ասվում է. «Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ազդարարեցին կորոնավիրուսային հիվանդության դեմ ապակենտրոնացված պայքարի մասին։ Իսկ ապակենտրոնացված պայքարի էությունն այն է, որ հարցը անմիջականորեն դրվում է քաղաքացիների անհատական պատասխանատվության տակ։ Այսինքն՝ եթե վաղը իրավիճակն ավելի բարդանա և դառնա անվերահսկելի, ապա իշխանությունները կարող են հայտարարել, թե մեղավորը քաղաքացիներն են, քանի որ հարցն իրենց անհատական պատասխանատվության տակ է»:

Լրատվականները նշում են, որ գաղտնիք չէ, որ շատ պաշտոնատար անձինք իրենց եկամուտները գրանցում են իրենց հարազատների հաշվին։ Մասնավորապես, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հայտարարագրում նշված է 4,760,000.00 ՀՀ դրամ եկամուտը, իսկ ահա նրա կինը՝ Լիա Ավանեսյանը, մոտ է օլիգարխիկ խավի մաս կազմելուն. վերջինիս եկամուտները կազմում են 130,000.00 ԱՄՆ դոլար:

Ըստ մամուլի՝ ներդրողը որոշել է Հայաստանում կանեփ աճեցնել, սակայն իշխանությունները խախտել են պայմանավորվածությունները։ «Արմերիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Ռուբեն Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ եղել է Տիգրան Ավինյանի գրասենյակի բանավոր համաձայնությունը, ինչպես նաև պաշտոնապես, դեռևս 2019-ի մայիսին ՀՀ ոստիկանության հետ պայմանագիր է կնքել պլանտացիաների պաշտպանության վերաբերյալ: Ըստ պայմանագրի, գործարարը ամսական վճարում է մեկուկես միլիոն դրամ (ավելի քան 3000 դոլար) օրական 16-ժամյա պահպանության համար, և ինքն իր վրա է վերցնում պլանտացիաների պատշաճ կազմակերպման պարտավորությունները։ Սակայն օգոստոսին նույն ոստիկանությունը, բայց այլ վարչությունից, հայտնվել է Հայաստանի տարբեր մարզերում բոլոր երեք հողատարածքներում և ոչնչացրել ամբողջ բերքը։ Ավելին, ըստ Մկրտչյանի, այս ամբողջ պատմությունը վերածվել է քրեական գործի, իսկ ինքը կորցրել է մոտ 170 000 դոլար: