Аnkakh.com-ը հաքերային հարձակման է ենթարկվել

Հաքերային հարձակում է տեղի ունեցել Ankakh.com լրատվական կայքի դեմ։ Կայքի խմբագրությունն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով և իր հայտարարության մեջ նշել, որ այս հարձակումը զուտ քաղաքական բնույթ ունի․ թիրախավորված է եղել Վազգեն Մանուկյանի անձը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցեց կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանի հետ։ Տիկին Իշխանյանն իր խոսքում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրենք կայքում տեղադրել են Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը։ Գրառումը վերաբերել է այն բանին, որ Վազգեն Մանուկյանին ՀԽ նախագահի պաշտոնում փոխարինել է Ստյոպա Սաֆարյանը։

Վարդուհի Իշխանյանը նշեց, որ ինչպես այդ, այնպես էլ բազմաթիվ այլ նյութերի մեջ, Վազգեն Մանուկյանի անվան դիմաց, վիրավորական արտահայտություններ է ավելացված եղել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սա համարում է խոսքի ազատության դեմ ուղղված աննախադեպ քայլ։ Խմբագրության աշխատանքներին խառնելը և նմանատիպ փոփոխությունները պետք է լինեն ոստիկանության ուշադրության ներքո, համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն։

Նմանատիպ քայլերը դատապարտելի են, բոլոր այն շրջանակները, որոնք այս ամենում ունեն իրենց մասնակցությունը, պետք է պարզվեն և ենթարկվեն պատասխանատվության։