Զոհրաբ Մնացականյանի մասին բացասական հոդվածները շարունակում են մեծ թիվ կազմել

2020թ-ի մայիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 413 հոդված, որոնցից 55-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 347-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին բացասական հոդվածները շարունակում են մեծ թիվ կազմել։  Հիմնական քննադատությունները վերաբերում են Արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններին և Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանն, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հստակ ռազմավարություն չունեն։ Նա նաև անդրադարձել է նախորդ տարի Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գծած «կարմիր գծերին»․ «Այնտեղ գլխավոր բացթողումն այն է, որ անտեսվում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է՝ սկսած 1991 թ․ հանրաքվեից, մինչև 2006-ի և 2017-ի հանրաքվեն: Խոսվում է ապագայում կայանալիք կամարտահայտությամբ հիմնախնդրի լուծման մասին, բայց իրականությունն այն է, որ այդ կամարտահայտությունը տարբեր առիթներով եղել է արդեն»,- հավելել է Կիրո Մանոյանը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն, անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող բանակցություններին, ասել է․ «Նիկոլ Փաշինյանը և Զոհրաբ Մնացականյանը չեն կարող հերքել Լավրովի հայտարարությունը, որովհետև բանակցություններն ընթացել են: Այլ հարց է, որ իրենք առաջնորդվել են վերջին պահին վետո դնելու կամ չստորագրելու կանխավարկածով, որ կարող են վերջին պահին հրաժարվել և դրանով խնդիրը համարել լուծված: Ես չէի էլ կասկածում, որ իրենք չեն ստորագրելու՝ իրենք չեն կարող նման փաստաթուղթ ստորագրել, և որևէ մեկը չի կարող դա անել, բայց պարտվել բանակցություններում և հանձնել տարածքներ, չի նշանակում՝ միայն թուղթ ստորագրել, նշանակում է՝ հայտնվել մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը քեզնից սկսելու է պահանջել մի բան, և, եթե դու դա չանես, ռազմական ճանապարհով են դա փորձելու կյանքի կոչել, և դու չես ունենալու պատերազմը կանխելու դիվանագիտական որևէ մեխանիզմ: Հայաստանն այսօր այդ իրավիճակում է հայտնվել»: