Արսեն Թորոսյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի մայիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 795 հոդված, որոնցից 166-ը եղել է բացասական, 17-ը՝ դրական, 612-ը՝ չեզոք։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Նախարար Թորոսյանը թե՛ համացանցում, թե՛ լրատվականներում քննադատության արժանացավ այն բանից հետո, երբ հայտնվեցին նախարարի առանց դիմակի նկարները երևանյան սրճարաններից մեկում։ Օգտատերերը նշում էին, որ նախարարի նման քայլը լավ օրինակ չէ մյուս քաղաքացիների համար, և քաղաքացիների զգոնությունն էլ ավելի կթուլացնի:

Համացանցում լուրեր են պտտվում Արսեն Թորոսյանի հնարավոր պաշտոնանկության մասին, բացի այդ, Արսեն Թորոսյանը համարվում է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ․ «Պարզվում է նաեւ, որ առողջապահության նախարարից ազատվելու հարցը հասել է անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։ Կառավարությունում խոսակցություն է պտտվում, թե Արսեն Թորոսյանը Հայաստանում, այսպես ասած, ԱՀԿ-ի «ազդեցության գործակալ» է, եւ այս եզրահանգումը պատահական չէ։ Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ԱՀԿ-ի ղեկավարի հետ, վերջինս նրան հորդորել է Արսեն Թորոսյանին պաշտոնից չազատել։ Կանսա՞ այս պահանջ-հորդորին Փաշինյանը, թե՞ ոչ, առաջիկայում պարզ կլինի, բայց, այսպես թե այնպես, ձախողված կառավարման համար մեղավորներ են պետք, եւ քավության նոխազներ, անկասկած, կգտնվեն»:

Բժշկական դիմակների շուկան, ըստ մամուլի, չի վերահսկվում և այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան։ Հրապարակման համաձայն․ «Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների և այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղի՞ց նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել և անվտանգ ապրել»: