Դեպքերի միակողմանի լուսաբանում՝ ԱԺ լրատվական բաժնի կողմից

ԱԺ պաշտոնական կայքում մայիսի 8-ի խորհրդարանական դեպքերի անդրադարձի ժամանակ խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները։ Կայքում` տեքստային տարբերակում, բացակայում է Էդմոն Մարուքյանի խոսքը և ընդամենը մեկ նախադասությամբ նշված է, որ Էդմոն Մարուքյանը դեպքը համարել է քաղաքական։ Փոխարենը, ուղիղ մեջբերված է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքը։

Նշված չէ, թե ում ելույթին էր հաջորդում Էդմոն Մարուքյանի ելույթը և թե ինչպես սկսվեց ծեծկռտուքը։

Կայքի տեքստային հատվածն ունի նաև վիդեոշարունակություն: Այստեղ, առհասարակ, տեղադրված է միայն Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ վարչապետն արդարացնում է Սասուն Միքայելյանին և, փաստացի, Էդմոն Մարուքյանին հարվածելը համարում է Մարուքյանի կողմից հրահրված սադրանք։ Վիդեոտարբերակում որևէ անդրադարձ կամ խոսք չկա Էդմոն Մարուքյանի կամ մեկ այլ պատգամավորի ելույթից։ Ակնհայտ է, որ վիդեոտարբերակում ևս խախտվել է համակողմանիության սկզբունքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ԱԺ լրատվական բաժնին դեպքերը ներկայացնելիս պահպանել բազմակողմանի լուսաբանման սկզբունքը և նախապատվություն չտալ որևէ կողմին: