Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 593 հոդված, որոնցից 71-ը եղել է բացասական, 522-ը՝ չեզոք։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Լրատվականներն անդրադարձել են ՌԴ֊ում բռնագրավված ծխախոտի թեմային` գրելով, որ ՌԴ դեսպանը քանիցս զանգահարել է Տիգրան Ավինյանին, բայց պատասխան չի ստացել. «Հայաստանում ՌԴ դեսպանը մի քանի անգամ զանգել է Տիգրան Ավինյանին՝ պարզաբանումներ ստանալու ապօրինի ծխախոտի ՌԴ ներմուծման հարցով, սակայն քարտուղարուհին ասել է, որ չի կարող միացնել: ՌԴ դեսպանը ստիպված է եղել կապ հաստատել փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այլ մանրամասներ չի հաջողվել պարզել»։

Մամուլում օրեր շարունակ պտտվում էր լուր, ըստ որի Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ հրապարակումների՝ այն, որ պաշտոնապես այդ լուրը հերքվել է, դեռ չի նշանակում, որ պաշտոնական տվյալներն են իրականությունը։ Համաձայն հրապարակումների՝ Ավինյանը Փաշինյանի համար դարձել է անցանկալի անձ, այդ մասին խոսում են բոլորը: Փաշինյանը հենց Ավինյանի մեջ է տեսնում իր հիմնական մրցակցին, որը երկու տարվա ընթացքում հասցրել է վաստակել կառավարության «գորշ կարդինալ»-ի տիտղոսը:

Ըստ մամուլի՝ միջադեպ է տեղի ունեցել Վիլեն Գաբրիելյանի (Նավակ Ճոճողը) և Տիգրան Ավինյանի միջև։ Մամուլը գրում է, որ Կառավարության ամառանոցում երկու պաշտոնյաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել և հետագայում՝ օրեր անց, արդեն կառավարության շենքում երկու պաշտոնյաները շարունակել են միմյանց վիրավորել։