Նախարար Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 502 հոդված, որոնցից 48-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 453-ը՝ չեզոք։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Արսեն Թորոսյանը շարունակում է քննադատության արժանանալ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների համատեքստում։

«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանն, անդրադառնալով Արսեն Թորոսյանին, ասել է, որ նախարարը տապալել է առողջապահության ոլորտը․ «Երբ որ հունվարից ես ու իմ գործընկերներն աղմուկ էինք բարձրացնում, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուս է տարածվում, պետք է կանխել, մեր առողջապահության նախարարն ասուլիսի ժամանակ լրագրողներին ձեռք առնելով ասում էր, որ ինքը նոր է եկել ինչ-որ երկրից, վարակված է, կարող է իրենց վարակել,  ասում էր՝ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր վիրուս չէ։ Չգիտեմ՝ ինչու այսօր իր համար դարձավ վտանգավոր։ Երբ ես ու իմ նմանները պահանջում էինք, որ այդպես չի կարելի վարվել ազգաբնակչության հետ, ձեռք էր առնում, ասում էր խուճապաշիջման  կոմիտեի անդամներ են։ Դինոզավրի գրիպ էր ասում, թռչնի գրիպ էր ասում։ Սա տապալված առողջապահություն է ոչ նորմալ կազմակերպչի կողմից»։

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի թեստերի պակաս չկա, քանի որ ՀՀ կառավարությունը  Չինաստանից և Լեհաստանից ձեռք է բերել 320 հազար թեստ, ևս 100 հազար հատ թեստ նվիրաբերել է Չինաստանի ժողովրդական հանրապետությունը: Բացի այդ՝ եղել են նաև  նվիրատվություններ՝ տարբեր կազմակերպությունների, ԱՀԿ-ի և ու անհատ բարերարների կողից՝ ինչպես Rapid տեսակի, այնպես էլ PCR թեստեր, նվիրատվության ընդհանուր թիվը՝ 49 հազար 700 թեստ: Այս հանգամանքը լրատվականը զարմանալի է համարում և հարց է ուղղում, թե այդ դեպքում ինչու՞ են պաշարից օրական մինչև 700-750  թեստավորում իրականացնում: