Հայաստանում այսօր նշում են Ռադիոյի օրը

Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի։ Տոնակատարության օր ընտրվել է Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։

2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իսպանիան Էսպանիոլա դե լա ռադիո ակադեմիայի (իսպ.՝ Academia Española de la Radio) հարցումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական կոմիտեին առաջարկել է ընդունել «Ռադիոյի միջազգային օր»։

Հասարակական կյանքում մեծ տեղ զբաղեցնող ռադիոն եղել ու մնում է ամենահասանելի լրատվամիջոցը, հատկապես, մեքենայի ղեկին օրն անցկացնող վարորդների համար այն տեղեկատվության ստացման անփոխարինելի միջոց է: Ժամանցային ծրագրերից առավել, ռադիո լսում են օրվա նորություններին ծանոթանալու համար:

Տպագիր թերթից ու հեռուստատեսությունից ռադիոն առանձնանում է իր խորհրդավորությամբ, երբ ձայնին պատկեր է հաղորդում մեր երևակայությունը:

Այստեղ առավել կարևոր է մեկնաբանի դերը, քանի որ բացակայում է կադրը և ամեն ինչ կենտրոնանում է հաղորդավարի ձայնի, շեշտադրման վրա, որից էլ կախված է, թե ինչպես այն կընկալվի ունկնդրի կողմից: Ինչպես լրատվության մյուս միջոցների, այնպես էլ ռադիոյի դեպքում կարևոր է վստահության գործոնը:

«Մեդիա պաշտպանը» շնորհավորում է ռադիոյում աշխատող բոլոր աշխատակիցներին` մաղթելով ստեղծագործական հաջողություններ: Վստահ ենք՝ մեր կյանքում իր ուրույն տեղն ունեցող լրատվության այս միջոցը հեռուստատեսության ու համացանցի հետ կմրցի առողջ, բովանդակային, ինչն էլ կնպաստի նրա դերի բարձրացմանը: