Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 568 հոդված, որոնցից 100-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 456-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, անդրադառնալով Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցին, հիշեցրել է, որ Ուկրաինայի ԱԳ-ն հորդորում էր իրենց պաշտոնյաներին չօգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը եւ չմասնակցել հիշատակի միջոցառումներին։ Աշոտյանը տարակուսանք է հայտել, որ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը որևէ կերպ չի անդրադարձել այդ հայտարարությանը։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը հակասություններ է գտել ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի և Զոհրաբ Մնացականյանի խոսքերում։ Էլինար Վարդանյանն, անդրադառնալով այդ թեմային, գրել է․ «Ապրիլի 21-ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, որ մինչ այս պահը Հայաստան են վերադարձել մոտ 22 000 մեր հայրենակիցներ։ Աշխարհագրությունը բավականին լայն է՝ ԱՄՆ, ՌԴ, Ղազախստան, Ուկրաինա, Չեխիա, եվրոպական այլ երկրներ: Ժամանածների վերաբերյալ զարմանալիորեն այլ թիվ է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում նա հայտնել է, որ Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի»:

Զոհրաբ Մնացականյանը քննադատության է արժանանում նաև Արցախյան հարցի շուրջ քննարկումների համատեքստում։ Ըստ վերլուծությունների և քաղաքական գործիչների մեկնաբանությունների՝ Զոհրաբ Մնացականյանը մեկ տարի շարունակ պնդել է, որ բանակցությունների գործընթացքում որևէ փաստաթուղթ և պայմանավորվածություններ չկան, բայց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն այլ բանի մասին էր վկայում։ Այսպիսով, հանրությունը սպասում է ՀՀ ԱԳՆ-ի պատասխաններին։