Լայնածավալ արշավ՝ հեռուստաընկերության դեմ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, հետևելով համացանցում 5-րդ ալիքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, անհանգստություն է հայտնում։ Որոշ օգտատերեր պահանջում են, որ հեռուստաընկերությունը դադարեցնի գործունեությունը: Ըստ մշտադիտարկման արդյունքների` հասարաքաղաքական ներկայացուցիչները պնդում են, որ հեռուստաընկերության դեմ արշավը վերահսկվում է իշխանությունների կողմից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռությունն անընդունելի է համարում ատելության խոսքի նման դրսևորումը։ Փաստացի, այլակարծությունը և իշխանության քննադատությունը դատապարտվում է, ոտնահարվում է խոսքի, մտքի և ազատ կամքի իրավունքը։ Նման դրսևորումներով հասարակությունը չի նպաստում ազատ հասարակության ձևավորմանը և դեմ է գնում լրագրողական աշխատանքին։

Լրատվականներն ազատ են իրենց կամարտահայտման հարցում, և լրագրողի աշխատանքը կարող է իր մեջ քննադատություններ պարունակել իշխանության հասցեին, բայց դա հիմք չէ, որպեսզի լայնածավալ արշավ սկսվի հեռուստաընկերության դեմ։

Ի դեպ, այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել ատելութայն խոսքի առնչությամբ: Նա անդրադարձել է նաև լրագրողներին թիրախավորելուն` նշելով. «Հաճախ լրագրողներին նույնացնում են այն անձի հետ, որից նա կարող է հարցազրույց վերցնել, եւ թիրախավորել լրագրողին։ Լրագրողի աշխատանքի հետ կապված կան որոշակի կարծրատիպեր, թե լրագրողը խոչնդոտում է որեւէ մարմնի աշխատանքը: Դա կարծրատիպ է ընդամենը, պետք է լրագրողի հետ ճիշտ աշխատելու սկզբունք որդեգրել, ելնել այն կանխավարկածից, որ լրագրողն օգնում է աշխատանքին»։

Փաստացի, մարդու իրավունքների պաշտպանն էլ է իր մտահոգությունը հայտնում ստեղծված իրավիճակով և խոսքի ազատության դեմ իրականացվող արշավով։