«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում Հանրայինին հետևողական լինել սեփական աշխատակցի նկատմամբ

Հանրային միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերության լրագրող Գևորգ Թոսունյանն  անդրադարձել է փաստաբան Ամրամ Մակինյանի  ֆեյսբուքյան հրապարակմանը, որտեղ Մակինյանը նշել է.««Սկանդալային ռեպորտաժում» նշված հարցերին չանդրադառնալն ուղղակիորեն հաստատելու է այն վարկածը, որ քննչական մարմինը և հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միևնույն կենտրոնից և հետապնդում են միևնույն նպատակը, այն է՝ ցանկացած եղանակով իրականացնել իջեցված պատվերը»։

Գևորգ Թոսունյանն իր գրառման մեջ նման որակումներն անընդունելի է համարել ԶԼՄ-փաստաբան հարաբերություններում, բայց նույն գրառման մեջ փաստաբանի միտքը որպես վերնագիր ներկայացրած «Հրապարակ» օրաթերթին անվանել է մերժված լրատվամիջոց։ Լրատվամիջոցն էլ վերցրել է չակերտների մեջ։  Գևորգ Թոսունյանն անընդունելի է համարում փաստաբանի արտահայտությունները, բայց, միևնույն ժամանակ, ինքը որպես լրագրող իրեն թույլ է տալիս վիրավորել սեփական համայնքի ներկայացուցիչներին։ Փաստացի լրագրողն իրեն դուրս է դնում լրագրողական համայնքից, նման մեկնաբանությունը լրագրողական էթիկային դեմ է ու խարխլում լրագրողական միասնությունը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, մասնավորապես, լուրերի թողարկման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Շահինյանին հետևողական լինել սեփական աշխատակցի նկատմամբ և հորդորել նրան, որպեսզի վերջինս չանցնի բարեկրթության սահմանները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմաթիվ անգամներ է ֆիքսել Հանրային հեռուստաընկերության և լրատվական թողարկումների բացթողումները, ողջ հանրությունը հետեւում է Հ1-ում շարունականան սկանդալներին, բայց չի նկատել, որ Հանրային հեռուստաընկերությանն անվանեն «մերժված լրատվամիջոց»: