Արսեն Թորոսյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 509 հոդված, որոնցից 54-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 451-ը՝ չեզոք։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Արսեն Թորոսյանին մամուլում և սոցիալական ցանցերում քննադատել են պատվաստումների հետ կապված թեմաներով։

Ըստ մամուլի հրապարակումների` Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի խոսքերում հակասություններ կան: Հոդվածներից մեկում ասված է. «Չունենք մարզ, որտեղ կորոնավիրուս չկա, շուտով չենք ունենա գյուղ, որտեղ կորոնավիրուս չի լինի: Ավելին, մեր՝ բոլորիս շրջապատներում ևս կլինի: Ինչու՞ այս մասին չենք խոսում: Մարդկանց դա ասեք, ճիշտը ասեք: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ վերահսկվում է, Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ մենք կորցրել ենք վերահսկողությունը: Փաշինյանն ասում է՝ վիրուսի մեջքը կոտրում ենք, առողջապահության նախարարին հարցնում ենք՝ ինչո՞ւ էին նախորդ օրը դեպքերը շատ, երեկ՝ քիչ, պատասխանում է՝ որովհետև նախորդ օրը շատ ենք թեստ արել: Մարզպետն ասում է՝ ամեն ինչ վերահսկվում է, մեկ օր անց երկու գյուղ ամբողջությամբ մեկուսացնում են: Էլ ի՞նչն է վերահսկվում: Այսքան հակասություն կարո՞ղ է լինել ընդամենը 12 հոգանոց կառավարության մեջ: Մարդը տունը փակված ձեզ է նայում համացանցով, եթերով, գլուխն ու ձեռքն անկանոն թափ է տալիս, հայհոյում, որովհետև տեսնում է՝ հակադիր եք խոսում, գլուխ չեք հանում, իշխանությունը ոտքներիդ եք գցել»։

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարի ապրիլի 18-ի հայտարարության համաձայն, եթե զարգացման տեմպերն այսպես շարունակվեն, ապա մայիսի 4-ին Հայաստանում կլինի 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:Նախարարը նույն տրամաբանությամբ ապրիլի 9-ին հայտարարել էր, որ տեմպերի պահպանման դեպքում ապրիլի 19-ին Հայաստանում կլինի 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին՝ 3600։ Ինչպես տեսնում ենք, նախարարի հաշվարկները իրականությունից շատ հեռու են։Ես, իհարկե, հասկանում եմ, որ Արսեն Թորոսյանը այսպիսի վատատեսական հաշվարկներով կամ ենթադրություններով փորձում է հանրությանը ցույց տալ այն վատագույնը, որ կարող է լինել, եթե մարդիկ չպահպանեն կարանտինը, սոցիալական հեռավորությունը և ինքնամեկուսացման կանոնները։ Հետո, նշված թվերի իրականություն չդառնալու դեպքում կարելի է նաև պարզաբանել, թե ինչքան լավ աշխատեց առողջապահական համակարգը՝ նախարարի գլխավորությամբ»։