Հայաստանի նոր կառավարությունը չի կարողացել թուլացնել մամուլի բևեռացվածությունը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ համաձայն որի մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը 180 երկրների շարքում 61֊րդն է։ Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածն ունի՝ «Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ» խորագիր։

Ըստ միջազգային կազմակերպության՝ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը չի կարողացել թուլացնել մամուլի բևեռացվածությունը։

Հիշեցնենք, որ այս մասին իր հրապարակումներում բազմիցս նշել է նաև «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը՝ հորդորելով լրատվական դաշտը չբաժանել սևերի և սպիտակների, յուրայինների և ուրիշների։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը մեղադրում են լրատվական դաշտի մեծ մասին պատվերով հոդվածներ գրելու մեջ՝ սրանով իսկ բևեռացնելով լրատվական դաշտը։ Այս մասին «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը նույնպես հայտարարել է։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև մտահոգություն է հայտնել լրատվականների և ազատ խոսքի դեմ պայքարի մեթոդների առնչությամբ. «Մտահոգություններ կան` կապված լրագրողների դեմ դատական գործընթացների և կեղծ լուրերի դեմ կամայական պայքարի հետ:  Հատուկ ծառայությունների ներգրավվածությունը ապատեղեկատվության դեմ պայքարում, որոնք ուղեկցվում են սոցիալական ցանցերի օգտատերերի ձերբակալություններով և առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախապես քննարկելու  օրենքներն ընդունելու փորձերով,  ևս անհանգստացնող են: Այդուհանդերձ, առցանց բարգավաճում է հետաքննող լրագրությունը, ինչը  կարևոր դեր է խաղում կոռուպցիայի դեմ  համազգային պայքարի գործում»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

Հիշեցնենք, որ մեկ տարվա ընթացքում լրատվականների և լրագրողների դեմ աննախադեպ թվով դատական հայցեր էին ներկայացվել և ձերբակալվել էին ֆեյսբուքյան օգտատերեր։