Pastinfo.am-ի դեմ վարչական վարույթ է հարուցվել․ լրատվականի տնօրենն այն անհեթեթություն է որակում

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ոստիկանությունը վարույթ է հարուցել «Փաստինֆո» լրատվական կայքի դեմ՝ կապված մարտի 11-ին հրապարակված այս նյութի հետ․ «Մարտունու հիվանդանոցում պետք է մեկուսացնել 100 աշխատողի, ինչը նշանակում է փակել հիվանդանոցը. Infoport»։ Մեզ հետ զրույցում լրատվականի տնօրեն Սոնա Տռուզյանը հայտնեց, որ իրենք գործել են ԶԼՄ-ների մասին օրենքի տառին համապատասխան․ «Տելեգրամից infoport-ի նյութը մենք տեղադրել ենք հղմամբ։ Արտակարգ դրության որոշման մեջ հստակ ամրագրում կա, որ եթե անգամ պարետան մամլո հաղորդագրությունից տարբերվող տեղեկատվություն է տեղադրվում, մամուլը պարտավորվում է հրապարակել պարետատան պատասխանը, հերքումը կամ պարզաբանում։ Այս դեպքում պարետատունը որևէ արձագանք չի ուղարկել մեզ՝ ոչ հերքում, ոչ պարզաբանում։ Մենք զանգել ենք Մարտունու բժշկական կենտրոն, խոսել ենք տնօրենի հետ և նյութ ենք պատրաստել արդեն հղմամբ տնօրենի վրա և նաև համայնքի ղեկավարի։ Վարչական զանցանքի մասին խոսք գնալ չի կարող, անհեթեթություն է, մենք ԶԼՄ-ների մասին օրենքի տառը պահպանում ենք և բազամակողմանի ներկայացրել լուրը։ Առավել ևս այսօր, երբ արդեն երկարաձգելու մասին որոշմամբ չեղարկվել են սահմանափակումները, նման վարչական վարույթ հարուցելը անհեթեության գագաթնակետն է»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականի դեմ ուղղված այս քայլը, կոչ է անում կասեցնել վարչական վարույթն ու հիմնավորել, թե ինչու է նման որոշում կայացվել։