Հայկ Մարությանի մասին հրապարակված նյութերի 50 տոկոսից ավելին բացասական է

2020թ-ի ապրիլի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 239 հոդված, որոնցից 140-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 98-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դիտարկվել են 50 տոկոսից ավելի բացասական հոդվածներ։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում երթևեկության կանոնների փոփոխությանն, ասել է. ««Հայրենիքի» խաչմերուկն այս լուծումով էլ ավելի վտանգավոր է լինելու, որովհետեւ արդեն լուսացույցեր չեն գործելու»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ աշխարհում յուրաքանչյուր մեծ քաղաքի քաղաքապետ շփվում է իր քաղաքացիների հետ․ «Հայկ Մարությանը չի զգում քաղաքապետի պատասխանատվություն։ Ուղիղ եթերում ես նրան միայն տեսել եմ աղբի մեքենաների հետ։ Եթե գնահատենք Հայկ Մարությանի աշխատանքը, ապա երկու բալով կգնահատենք»։ Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ Հայկ Մարությանը Երևանի պատմության մեջ մնալու է ամենավատ ու ամենավախկոտ գործիչը։

«Եթե ոչինչ չեք անում, գնացե՛ք, նստեք տանը, կարանտյա պահեք»․ Երևանի քաղաքապետի՝ այս հորդորով լայվը՝ ուղղված իրեն քննադատողներին, ՀՅԴ Երևանի քաղաքային խորհրդին ստիպել է ուղերձ հղել Հայկ Մարությանին։

Yerkir.am-ի հետ հարցազրույցում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանն ասել է, որ Հայկ Մարությանի բառապաշարը հարիր չէր Երևանի քաղաքապետին ու, ընդհանրապես, հարիր չէ ոչ մեկին. «Ուրեմն, սկսենք իր լայվից, որտեղ ինքը փորձեց ժողովրդին ներկայանալ, որ առավոտից երեկո աշխատում է ու չի պատրաստվում լայվերի միջոցով եթերներ դուրս գալ։ Կուզենայինք պարոն քաղաքապետին հիշեցնել, որ հիմա ամբողջ աշխարհն է լայվով կառավարվում՝ անգամ G20-ի գագաթնաժողովը առցանց տեղի ունեցավ, մարդիկ այս պահին ավելի շատ՝ ինֆորմացիայի կարիք ունեն և ինքը, որպես մեկ միլիոնանոց քաղաքի ընտրված քաղաքապետ, որը 80 տոկոս ձայն է հավաքել, պարտավոր է ամեն օր եթեր դուրս գալու և Երևանի հանրությանը տեղեկացնելու իր արած քայլերի մասին»: