Լրատվականների հարցերն անտեսվում են

Կորոնավիրուսով պայմանավորված լրագրողներն իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին իրենց հարցերն առցանց են ուղարկում։ Ըստ սահմանված կանոնների՝ այդ հարցերը պետք է հնչեցվեն, սակայն ունենք իրավիճակ, երբ լրատվականների հարցերն անտեսվում են։ Իրենց ուղարկած հարցերն անտեսելու մասին բարձրաձայնել են Lurer.com, Hraparak.am, Antifake.am, Analitik.am, Goris Today, Slaq.am լրատվականները և լրագրող Փայլակ Ֆահրադյանը։

Փայլակ Ֆահրադյանն առցանց տարբերակով հարց է ուղարկել Զարուհի Բաթոյանին. «Տիկին Բաթոյան պատրաստվո՞ւմ եք Ձեր մեկ ամսվա աշխատավարձն ու պարգևավճարն ուղղել կորոնավիրուսի կանխարգելմանը»։ Հարցն այդպես էլ չի ընթերցվել, որից հետո լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի, որ Զարուհի Բաթոյանի խոսնակը չընթերցեց այս հարցը, հրապարակայնացնում եմ: Խոսնակն ո՞վ է, որ որոշի որ հարցը ընթերցի, որը՝ ոչ»:

Իշխանությունների նման գործելաոճն անընդունելի է։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը, չտարբերակել լրատվամիջոցներին յուրայինների ու ոչ յուրայինների։ Հույս ենք հայտնում, որ խոսնակներն ավելի անաչառ կլինեն ու կհնչեցնեն բոլորի հարցերը։

Նման գործելաոճը նվազեցնում է Արտակարգ դրության արդյունավետությունը և լրագրողները ստիպված են լինելու ներկայանալ ասուլիսներին, որպեսզի իրենց հարցերը չանտեսվեն և միայն իշխանահաճո հարցեր չհնչեն։