Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 2-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 2-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ԱԺ-ի հեռահաղորդակցության և կապի միջոցներով քաղաքացիների տեղաշարժի, զանգերի և կարճ հաղորդագրությունների հավաքագրման մասին օրենքի ընդունման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները՝ լինեն դրանք պետական, թե նաև մասնավոր, ինչպես է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները նույնպես հայտարարությամբ են հանդես եկել`հորդորելով պետություններին չչարաշահել արտակարգ դրության ընթացքում օգտագործվող միջոցառումները, չդարձնել դրանք մարդու իրավունքները ճնշելու միջոց:
Նրանք հիշեցրել են, որ արտակարգ իրավիճակի պայմաններում օգտագործվող ուժերը չպետք է դառնան այլախոհության դեմ կիրառվող գործիք և պետք է առաջնորդվեն միջազգային օրենսդրությամբ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 2-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել։