BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը

Մարտի 16-ին Հայաստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն հայտարարեցին և մի շարք սահմանափակումներ սահմանեցին ԶԼՄ-ների համար։ Համաձայն դրանց՝ կորոնավիրուսի մասին յուրաքանչյուր հրպարակում, ռեպորտաժ և նույնիսկ սոցցանցերում արված գրառում կարող է պարունակել միայն իշխանության կողմից տրված տեղեկություն, այն էլ՝ «ամբողջությամբ պաշտոնական», այսինքն՝ առանց խմբագրվելու։
Արտակարգ դրության ռեժիմի ազդեցությունը լրագրողներն իրենց վրա արագ զգացին։ Որոշները ստիպված էին ոչ միայն հոդվածները հեռացնել կայքերից, այլև՝ իրենց անձնական էջերից ջնջել գրառումները։
Այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները համաճարակի մասին նյութ են տեղադրում՝ չնշելով պաշտոնական սկզբնաղբյուրը, նրանք պարտավոր են հրապարակել այդ հարցի վերաբերյալ հայտարարություն կամ հերքում՝ այն ստանալուց կամ հրապարակելուց 2 ժամվա ընթացքում։
Ոստիկանությունը հաճախ ճնշման է ենթարկում կորոնավիրուսի թեման լուսաբանող լրագրողներին։ «Ժամանակ» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանը պատմել է, որ ոստիկանությունը եկել է իր տուն և պահանջել, որ նա հեռացնի ֆեյսբուքյան իր գրառումը, որում գրել է Հայաստանի գործարաններից մեկի մասին։ Լրագրողի տվյալներով՝ գործարանի ղեկավարությունը պահանջել է, որ աշխատակիցները գնան աշխատանքի՝ անկախ այն բանից, թե ունեն հիվանդության ախտանշաններ, թե՝ ոչ։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ստիպված եղավ հեռացնել այն հոդվածը, որում մեջբերվել էր CNN -ի հաղորդումը, առ այն, որ Իրանում ամեն 10 րոպեն մեկ կորոնավիրուսից մարդ է մահանում։
Հայաստանի իշխանության գործողությունները քննադատել են ԵԱՀԿ և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Շուտով Երևանը նահանջեց։ Իշխանությունը թույլատրեց հրապարակել կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն՝ մեջբերված միջազգային պաշտոնական աղբյուրներից։ Այս բոլոր սահմանափակումները վերաբերում են միայն կորոնավիրուսի հետ կապված հրապարակումներին։ Մյուս թեմաների հետ կապված նյութերը չեն գրաքննվում։

Աղբյուրը՝ BBC-ի ռուսական ծառայություն