Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 31-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 31-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:
Ազգային ժողովը համառորեն երկրորդ փորձից 69 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով նրանց հեռախոսազանգերը ֆիքսելու օրենքի նախագիծը:
Տեղեկացնենք, որ ԲՀԿ և Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները չեն մասնակցել նիստին: Ըստ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի`իրենք նիստը սկսելուց 5 րոպե հետո են տեղեկացրել, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել։

«Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանն, անդրադառնալով ԱԺ նոր նախագծին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարդիկ պարզապես սահուն անցում կանեն ազգային օպերատորներից դեպի ամերիկյան հարթակներ՝ մեսենջեր, վոթսափ, սկայպ եւ այլն։ Սա լուրջ բացասական ազդեցություն է ունենալու օպերատորների ֆինանսական հոսքերի վրա։ Էլ ոնց կիմանաք՝ ով ում հետ ինչքան է խոսում»։

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել և պահանջել հեռացնել նախագիծը Աժ օրակարգից։

Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն ահազանգել է, որ Պարետ Տիգրան Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը։ Այս հարցով նա դիմել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը:
Ի դեպ, նույն խնդրին էր առնչվել նաև hraparak.am-ը: Մի քանի հարց էին ուղղել Տիգրան Ավինյանին, որոնցից մեկն առնչվում էր Չարենցավան համայնքում և խնդրահարույց այլ համայնքներում տիրող իրավիճակին, մյուս մասը անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն: Սակայն վարչապետի խոսնակը նրանց հարցերը չէր հնչեցրել։ Lurer.com կայքի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանն էլ նշում է, որ իր ուղարկած հարցերը նկատել են, սակայն չեն բարձրաձայնել։

Նույն խնդրին են բախվել նաև Analitik.am​ և Goris Today​ լրատվական կայքերը։

Հ․Գ․ Րոպեներ առաջ Ազգային ժողովը երկրորդ  ընթերցմամբ ընդունեց օրինագիծը՝ 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Այս նիստին ևս ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել։