Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի հարցերը

Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն ահազանգում է, որ Պարետ Տիգրան Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը։ Այս հարցով նա դիմել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը:
Ի դեպ, նույն խնդրին էր առնչվել նաև hraparak.am-ը: Մի քանի հարց էին ուղղել Տիգրան Ավինյանին, որոնցից մեկն առնչվում էր Չարենցավան համայնքում և խնդրահարույց այլ համայնքներում տիրող իրավիճակին, մյուս մասը` անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն, սակայն վարչապետի խոսնակը նրանց հարցերը չէր հնչեցրել։ Lurer.com կայքի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանն էլ նշում է, որ իր ուղարկած հարցերը նկատել են, սակայն չեն բարձրաձայնել։

Նույն խնդրին են բախվել նաև Analitik.am և Goris Today լրատվական կայքերը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին չտարբերակել լրատվականների հարցերը, բոլորի հետ աշխատել նույն սկզբունքով: