«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է նման նախագծի գոյությունը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Ըստ նախագծի՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող անձի կողմից օգտագործվող օպերատորի միջոցով պարզելու են հաճախորդի գտնվելու վայրը։
Հավաքագրվելու են նաև անհատի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը: Նույնը վերաբերվում է նաև անհատի կարճ հաղորդագրություններին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է նման նախագծի գոյությունը։ Դա անմիջական միջամտություն է մարդկանց անձնական կյանքին: Այսպիսով՝ երրորդ կողմին հնարավորություն է տրվում խախտել մարդու հիմնարար իրավունքներից՝ անհատական տվյալների պաշտպանությունը։

Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի. «Սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»։ Օրինագծին դեմ է արտահայտվել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում զերծ մնալ արտակարգ դրությունն ու ստեղծված իրավիճակը իշխանական շահերին ծառայեցնելուց։