ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 31-ին կայանալիք Արցախի համապետական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագրում էր ստացել։ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պարետատան սահմանափակումները՝ ինչպես նաև ընտրությունների ընթացքում դիտորդական հավուր պատշաճի ներկայություն ապահովելու մեր հանձնառությունը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կապ է հաստատել Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի, ինչպես նաև՝ Պարետատան հետ՝ պարզելու դիտորդների մեկնման մանրամասների և հնարավոր սահմանափակումների մասին տեղեկատվություն (ձայնագրություններն առկա են)։ Մեզ հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց․ «Մեքենայով գնալու դեպքում պետք է պահել Պարետատան պահանջը՝ 1 հոգի կարող է լինել մեքենայի մեջ` վարորդից բացի, ունեցեք ձեզ հետ ձեր թերթիկը, ձեր բեյջը ունեցեք՝ ընտրությունը լուսաբանելու, ձեր լրագրողական թերթիկը և անձը հաստատող փաստաթուղթ»։ Հարցին, թե հավելյալ խնդիրներ չե՞ն լինի նշված փաստաթղթերի առկայության դեպքում, Մանե Գևորգյանը պատասխանեց․ «Այս պահին հավելյալ ինչ-որ բան չկա, եթե անհրաժեշտություն առաջանա, ձեզ հետ կապի մեջ կլինենք»։
Պարետատան հետ վերջապես կապ հաստատելուց հետո, օպերատորին ներկայացանք, ապա՝ մեզ խնդրեցին սպասել։ Մի քանի րոպե անց, այլ օպերատոր միացավ և կազմակերպության անունը ճշտելուց հետո, ասաց, որ կարող ենք գնալ։ Նշեցինք, որ տեղյակ ենք, որ դիտորդները կարող են գնալ, մեզ հետաքրքրում է, թե արդյոք իրականացվո՞ւմ է դիտորդների ստուգում, եթե այո, ապա՝ ինչպես։
«Ի՞նչ նկատի ունեք ստուգում ասելով՝ բոլորին էլ ստուգում են, եսիմ ինչ չեն ստուգում, ստուգում են՝ ոնց եք զգում»։ Հարցին, թե որտե՞ղ է իրականացվելու ստուգումը, պատասխանեցին, որ «կետում, անցնելիս»։ Մեր ճշգրտող հարցին՝ թե սահմանային անցակետո՞ւմ նկատի ունեն, և արդյոք դա՞ է ամբողջական տեղեկատվությունը դիտորդների համար, պատասխանեցին՝ «այո»․ «Այդքանը, դուք կարող եք գնալ, շատ-շատ դեպքերում պարզ է՝ չի թույլատրվում, բայց դուք կարող եք գնալ, ուղղակի ստուգում եք անցնելու սահմանային անցակետում»։
Լիահույս ենք, որ կապահովվի դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և լրագրողների անխափան գործունեությունը, իսկ անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները կանցնեն հավուր պատշաճի։

Հ.Գ. Ստացվում է երկակի իրավիճակ, երբ դիտորդական առաքելության մասնակից անձանցից մեկին թեստավորում են, մյուս դիտորդին՝ հորդորում անցակետում պարզել առողջական վիճակը։